- Main
- Node
- Հայաստանի արտաքին քաղաքականությունը և ռազմավարական հաղորդակցությունը՝ ամառային դպրոցի օրակարգում
July 30, 2026 | 09:40
Կրթություն
Հասարակություն
Միջոցառումներ
Հայաստանի արտաքին քաղաքականությունը և ռազմավարական հաղորդակցությունը՝ ամառային դպրոցի օրակարգում
Աղվերանում անցկացվեց «Հայաստանի արտաքին քաղաքականություն և ռազմավարական հաղորդակցություն» խորագրով եռօրյա ամառային դպրոցը՝ միավորելով ավելի քան 50 ուսանողների և երիտասարդ հետազոտողների ՀՀ տարբեր համալսարաններից ու գիտահետազոտական ինստիտուտներից: Եռօրյա ծրագիրը միտված էր բուհական և գիտահետազոտական կառույցների միջև համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև երիտասարդ մասնագետների գիտելիքների ու վերլուծական հմտությունների զարգացմանը արտաքին քաղաքականության, տարածաշրջանային անվտանգության և ռազմավարական հաղորդակցության ոլորտներում։
Ամառային դպրոցի ծրագիրն իրականացվեց Միջազգային հարաբերությունների և Սոցիոլոգիայի ֆակուլտետների, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի, ինչպես նաև Միջազգային հանրապետական ինստիտուտի համագործակցությամբ։
Տարբեր ակադեմիական և մասնագիտական փորձառություններ միավորող այս ձևաչափը հնարավորություն տվեց քննարկելու արտաքին քաղաքականության ու տարածաշրջանային անվտանգության հարցերը, ռազմավարական հաղորդակցության ժամանակակից մոտեցումները և ապատեղեկատվությանը դիմակայելու արդի մարտահրավերները։
Ծրագրին մասնակցեցին ուսանողներ և երիտասարդ հետազոտողներ ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից (Միջազգային հարաբերությունների, Արևելագիտության, Պատմության և Սոցիոլոգիայի), Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտից։ Մասնակիցների բազմազան կազմը ամառային դպրոցին հաղորդել էր միջգիտակարգային բնույթ և նպաստել տարբեր մասնագիտական դիտանկյուններից մտքերի և գաղափարների ազատ փոխանակմանը։
Ամառային դպրոցի բանախոսներն էին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանը, փոխդեկան Գոռ Պետրոսյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը, ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Արաքս Փաշայանը, Թուրքիայի բաժնի վարիչ Լևոն Հովսեփյանը, Իրանի բաժնի առաջատար գիտաշխատող Արտյոմ Տոնոյանը, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր (PR)» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Նվարդ Մելքոնյանը, «Ռազմավարական հաղորդակցություն» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Արտակ Շաքարյանը և նույն ծրագրի դասախոս Աննա Նաղդալյանը։
Բովանդակային դասախոսություններից բացի՝ մասնակիցները «Համաշխարհային սրճարան» («World Café») ձևաչափով ակտիվ քննարկումների ընթացքում փոխանակեցին գաղափարներ, առաջադրեցին հարցեր և համատեղ վերլուծեցին ներկայացված թեմաները։
Ծրագրի ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր՝ որպես գիտելիքի, քննարկումների և մասնագիտական նոր կապերի ձևավորմամբ հագեցած երեք օրերի կարևոր ամփոփում։



