Երևանի պետական համալսարանի պատմության թանգարանի ստեղծման նպատակը բուհի հիմնադրման, զարգացման և գիտակրթական ավանդույթների հարուստ ժառանգության պահպանումն ու արժևորումն է: Միավորելով ԵՊՀ տարբեր ֆակուլտետների պատմական ուղին՝ թանգարանում ցայտուն կերպով ներկայացվում է համալսարանի դերը Հայաստանի գիտության, կրթության ձևավորման և զարգացման մեջ։
Թանգարանի կարևոր և դիտարժան հատվածներից մեկը ԵՊՀ գիտակրթական հիմնարար օջախներից մեկին՝ Ֆիզիկայի ինստիտուտին նվիրված անկյունն է։ Այստեղ իբրև Հայաստանում ֆիզիկայի՝ որպես գիտության ձևավորման ու զարգացման ուղու վկաներ ցուցադրվում են ինստիտուտի հիմնադիր դասախոսների գործունեությանն առնչվող նյութերը, ձեռագրերը, լուսանկարները, փաստաթղթերը, լաբորատոր առաջին սարքավորումները:
Ֆիզիկայի բաժնում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ատոմային և միջուկային ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, տեսական և կիրառական ֆիզիկայի կայացման պատմությանը, ինչպես նաև այն գիտնականներին, որոնց աշխատանքները ճանաչում են գտել թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային գիտական հանրույթում։ Այս բաժինը ոչ միայն պատմական հիշողության տիրույթ է, այլև շարունակականության խորհրդանիշ, որը կապում է ֆիզիկայի անցյալը, ներկան ու ապագան։