ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) և Հայ-ռուսական համալսարանի «ThinkLab» ինժեներական լաբորատորիայի համագործակցությամբ իրականացվել է «STEM Camp» ծրագիրը՝ համախմբելով ՀՀ տարբեր համալսարանների ֆիզիկամաթեմատիկական և ինժեներական ուղղվածության ուսանողների։
Շուրջ 5 ամիս տևած ծրագրի առաջին փուլի շրջանակում ուսանողները մասնակցել են մի շարք դասընթացների, սեմինարների, ինչպես նաև այցեր կատարել ինժեներական կազմակերպություններ և լաբորատորիաներ։
Առաջին փուլի 25 լավագույն մասնակիցները, անցնելով հաջորդ փուլ, մարտի 12–15-ը Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազայում թիմերով աշխատել են ինժեներական առաջադրանքի վրա և մշակել խելացի դիտահորերի ինժեներական լուծման նախագիծ։ Աշխատանքի ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց գաղափարները, քննարկել նախագծային մոտեցումները և ներկայացրել լուծման ուղիներ։ Արդյունքում հաղթող են ճանաչվել 3 թիմեր, որոնց հանձնվել են մրցանակային նվերներ։
«STEM Camp»-ը մի քանի ամիս շարունակ եղել է կարևոր հարթակ՝ երիտասարդ ինժեներների համագործակցության, փորձի փոխանակման և նորարարական գաղափարների ձևավորման համար։ Արդեն ձևավորված կապերն ամրապնդելու նպատակով ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության և Հայ-ռուսական համալսարանի «ThinkLab» ինժեներական լաբորատորիայի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը կարևոր քայլ է հետագա համատեղ նախաձեռնությունների և ինժեներական կրթության զարգացման համար։