Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի և գերմանական բանասիրության ամբիոնների նախաձեռնությամբ կազմակերպվեց «Լեզուն և մշակույթը քաղաքակրթությունների խաչմերուկում» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 35-ամյակին:
Գիտաժողովի նպատակը ոչ միայն ԵՊՀ ամենաերիտասարդ կրթօղակներից մեկի հոբելյանական տարեդարձի նշանավորումն էր, այլև լեզվի՝ ժողովուրդներ, մշակույթներ և քաղաքակրթություններ կամրջող բացառիկ դերին անդրադառնալը:
Հաղթահարելով պետական սահմաններն ու միավորելով աշխարհի տարբեր ծայրերից ՀՀ ժամանած գիտնականներին՝ հոբելյանական գիտաժողովն արժեքավոր հնարավորություն ընձեռեց հետազոտողներին՝ փորձի փոխանակման, նոր գաղափարների արծարծման ու ակադեմիական համագործակցության ամրապնդման համար։
Լեզուները երբեք չեն սահմանափակվում միայն հաղորդակցական գործառույթով. դրանք ժողովուրդների պատմական հիշողության, մշակութային ժառանգության, ինքնության և մարդկային փորձառության անգնահատելի շտեմարաններ են։ ԵԼՀ ֆակուլտետի հոբելյանի պատեհ առիթով գիտաժողովի մասնակիցներն իրենց ելույթներում և զեկուցումներում վերահաստատեցին լեզվի բացառիկ առաքելությունը որպես մշակույթների և քաղաքակրթությունների միջև երկխոսության, փոխհարստացման և խաղաղ համագործակցության ամուր կամուրջ։
Գիտաժողովին մասնակցեցին հայտնի լեզվաբաններ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից, Հունաստանից, Իրանից, Չինաստանից: Հյուրերի թվում էին նաև հայաստանյան բուհերի լավագույն մասնագետները, որոնցից շատերը ԵԼՀ ֆակուլտետի տարբեր տարիների շրջանավարտներ էին:
Միջազգային գիտաժողովի հիմնական զեկուցողները ներկայացնում էին եվրոպական առաջատար բուհերը: Արժանահիշատակ են Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) կրթության ինստիտուտի տնօրեն և դեկան, պրոֆեսոր Լի Ուեյի, նույն ինստիտուտի միջմշակութային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ժու Հուայի զեկուցումները: Ի դեպ՝ պրոֆեսոր Լի Ուեյի ղեկավարությամբ Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտն արդեն երկար տարիներ զբաղեցնում է QS համաշխարհային համալսարանական վարկանիշային համակարգի կրթության ոլորտի դասակարգման առաջին հորիզոնականը:
Հավելենք՝ ԵԼՀ ֆակուլտետն այսօր էլ եվրոպական լեզուների ուսուցման առաջատար կրթօջախներից է, որի բազմահազար շրջանավարտներն իրենց մասնագիտական գործունեությամբ և ձեռքբերումներով նշանակալի ներդրում են ունենում Հայաստանի Հանրապետության առաջընթացի գործում:




