ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոնի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, «Ֆրանսիական գրականության օրեր» ասոցիացիայի և «Ազնավուր» հիմնադրամի համագործակցության շրջանակում Երևանի պետական համալսարանում անցկացվեց «Ֆրանսիական գրականության օրեր» խորագրով եռօրյա գիտաժողովը, որի նպատակն էր զեկուցումների, դասախոսությունների և ֆիլմերի ցուցադրությունների միջոցով խթանել ֆրանսիական գրականության ուսումնասիրություններն ու ընկալումը։
Այս տարվա գիտաժողովը նվիրված էր ֆրանսիական մշակույթի երեք խոշորագույն մտավորականների՝ Ժան Կոկտոյի, Ռենե Շարի և Անտոնեն Արտոյի ստեղծագործական ժառանգությանը։
Գիտաժողովի բացման արարողությանը մասնակցեցին ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի համագործակցության և մշակութային հարցերի գծով խորհրդական Քսավիե Ռիշարը։ Նրանք մեծապես կարևորեցին գիտաժողովի դերակատարումը՝ որպես հայ-ֆրանսիական ակադեմիական և մշակութային կապերի ամրապնդման կարևոր հարթակ։
Գիտաժողովին հիմնական զեկուցումներով հանդես եկան Սորբոնի համալսարանի համեմատական գրականության պրոֆեսոր Բերնար Ֆրանկոն և նույն համալսարանի XX–XXI դարերի ֆրանսիական գրականության դասախոս Օլիվիե Բելենը։ Նրանց դասախոսությունները նվիրված էին Անտոնեն Արտոյի և Ռենե Շարի պոեզիայի մեկնաբանությանը և ընդգծում էին սյուրռեալիստական շարժման ազդեցությունը, սյուրռեալիստ գրողների դերը արդի ֆրանսիական գրականության ձևավորման գործում։
Նշենք, որ գիտաժողովի այս ձևաչափը շարունակական է․ ամեն տարի այն նվիրվում է որևէ անվանի ֆրանսիացի գրողի կամ մտավորականի։
Գիտաժողովի շրջանակում, զեկուցումներից և դասախոսություններից բացի, ԵՊՀ-ում կազմակերպվեց նաև կլոր սեղան-քննարկում՝ ԵՊՀ ֆրանսիական բանասիրության ամբիոնի ուսանողների մասնակցությամբ, որտեղ նրանց հնարավորություն տրվեց անմիջական երկխոսության մեջ մտնելու ֆրանսիացի հրավիրյալ մասնագետների հետ։