Երևանի պետական համալսարանում հյուրընկալվեց «Նոր Լույս» հասարակական կազմակերպությունը
«Նոր Լույս» կազմակերպությունը տասնվեց տարի շարունակ աշխատում է դեռահաս աղջիկների հետ։ Կառույցը մենթորական հարաբերությունների միջոցով նպաստում է շահառու մասնակիցների (մենթիների) անձնային աճին և զարգացմանը։ Ծրագրի ընթացքում մասնակիցները ձեռք են բերում «փափուկ» և «կոշտ» հմտություններ, կողմնորոշվում են մասնագիտության ընտրության հարցում, ինչպես նաև հնարավորություն են ստանում օգտվելու կրթաթոշակային մի շարք ծրագրերից։
Ընթացիկ ուսումնական տարում ևս հմտությունների զարգացման փուլի մասնակիցները ճանաչողական այցով եղան ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում, որտեղ ծանոթացան առաջարկվող կրթական ծրագրերի մանրամասներին և ընդունելության ընթացակարգին։
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Մարինե Յաղուբյանը հանդես եկավ ողջույնի խոսքով: Այնուհետև Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանը, Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ Ռուզան Ղազարյանը և Գերմանական բանասիրության ամբիոնի վարիչ Գայանե Սավոյանը ներկայացրին համապատասխան կրթական ծրագրերը։



