Ընթացիկ ուսումնական տարվա մայիսի 18-23-ն ընկած ժամանակահատվածում Երևանի պետական համալսարանի ԵԼՀ ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնի ներկայացուցիչները՝ ամբիոնի վարիչ, դոցենտ Գայանե Սավոյանը, դոցենտ Նաիրա Շաչիլվյանը և դասախոս Մերի Նավասարդյանը, «Էրազմուս+» ծրագրի շրջանակում աշխատանքային այցով Իտալիայի Լ’Աքվիլայի համալսարանում էին։
Գերմանական բանասիրության ամբիոնի և Լ’Աքվիլայի համալսարանի համագործակցությունն արդեն ունի հաջողված փորձ։ Անցյալ ուսումնական տարում «Միջմշակութային հաղորդակցություն (գերմաներեն)» մագիստրոսական ծրագրի շրջանակում երկու ուսանողուհի, «Էրազմուս+» ծրագրով մեկ կիսամյակ սովորելով Լ’Աքվիլայի համալսարանում, ձեռք են բերել անհրաժեշտ ակադեմիական և միջմշակութային փորձ։ Նրանց հաջող փորձառությունը, փաստելով երկու բուհերի համագործակցության արդյունավետությունը, հիմք ստեղծեց հարաբերությունների հետագա զարգացման համար։ Շարժունության ծրագրի շրջանակում դոցենտ Գայանե Սավոյանը դասախոսություններով հանդես եկավ Լ’Աքվիլայի համալսարանի դասախոսների և ուսանողների համար, որոնք նվիրված էին «Սեռը և գենդերը եվրոպական լեզուներում» և «Միջմշակութային հաղորդակցություն» թեմաներին՝ մեծ հետաքրքրություն առաջացնելով ուսանողների և դասախոսների շրջանում և ստեղծելով ակտիվ քննարկումների հնարավորություն՝ լեզվական, մշակութային և հասարակական արդի զարգացումների շուրջ։
Այցի ընթացքում կայացավ արդյունավետ հանդիպում Լ’Աքվիլայի համալսարանի միջազգային համագործակցության գրասենյակի ղեկավար, դոկտոր Ալեսանդրա Իմպերատորիի հետ։ Քննարկվեցին համագործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ, այդ թվում՝ ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի ակտիվացման, համատեղ գիտահետազոտական նախագծերի իրականացման և միջազգային գիտաժողովների ու ակադեմիական միջոցառումների կազմակերպման վերաբերյալ։ Երկու կողմերն էլ վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու և խորացնելու երկարաժամկետ համագործակցությունը։
Համալսարանական գրադարան այցելությունը հյուրընկալության կարևոր բաղադրիչներից էր: Պատվիրակության անդամները ծանոթացան գրադարանի ֆոնդերին, թվային ռեսուրսներին, ինչպես նաև ուսանողների և հետազոտողների համար նախատեսված ժամանակակից ծառայություններին։ Հատկապես օգտակար էր գրադարանային տեղեկատուի և գիտական գրականության հավաքածուների հետ ծանոթությունը, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքի կազմակերպման փորձի ուսումնասիրությունը։
Ծրագրի հեղինակ, Լ’Աքվիլայի համալսարանի գերմաներեն լեզվի և լեզվաբանության պրոֆեսոր, հումանիտար ճյուղի «Էրազմուս+» միջազգային ծրագրերի համակարգող Բարբարա Ֆոգտի շնորհիվ այցն անցավ բարձր մակարդակով։ Տեղի ունեցան հանդիպումներ համալսարանի տարբեր դասախոսների և գիտաշխատողների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին գերմանագիտության, օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի և բարձրագույն կրթության արդի միտումները։
Դասախոսները մասնակցեցին նաև պրոֆեսոր Բարբարա Ֆոգտի բանախոսություններին՝ ծանոթանալով դասավանդման ժամանակակից մեթոդներին ու կրթական մոտեցումներին։ Փորձի փոխանցումը կարևոր գաղափարներ և նոր ազդակ հաղորդեց սեփական դասավանդման գործընթացի կատարելագործման համար։
Գործուղումը նշանակալի ներդրում է երկու համալսարանների միջև ակադեմիական կապերի ամրապնդման, կրթական, գիտահետազոտական և միջազգային համագործակցության հետագա զարգացման համար նոր հնարավորությունների ստեղծման տեսանկյունից։ Ձեռք բերված փորձը, մասնագիտական քննարկումները և հաստատված նոր կապերը կարևոր դեր ունեն գերմանական բանասիրության ամբիոնի միջազգայնացման գործընթացում։ Նախատեսվում է շարունակել և ընդլայնել Լ’Աքվիլայի համալսարանի հետ համագործակցությունը համատեղ ծրագրերի, ակադեմիական շարժունության և գիտական ներդրումների ոլորտներում։





