Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ընդհանուր աշխարհագրության ամբիոնի ասպիրանտ Մարի Չաքրյանը մասնակցել է ս.թ. նոյեմբերի 2-6-ը Փարիզում անցկացված առաջին «Բնահեն լուծումների միջազգային կոնգրես-2026»-ին («Nature-based Solutions International Congress 2026»)՝ ներկայացնելով Հայաստանում իրականացված գիտական հետազոտության արդյունքները։
Միջազգային կոնգրեսը համախմբել էր աշխարհի տարբեր երկրներից շուրջ 500 գիտնականների, հետազոտողների, միջազգային կազմակերպությունների և բնահեն լուծումների (Nature-based Solutions, NbS) ոլորտի առաջատար մասնագետների։ Միջոցառման նպատակն էր խթանել գիտական հետազոտությունների և գործնական փորձի փոխանակումը, ամրապնդել միջազգային համագործակցությունը և նպաստել բնահեն լուծումների գիտականորեն հիմնավորված կիրառմանը։
Մարի Չաքրյանը կոնգրեսին մասնակցել է որպես Հայաստանի միակ ներկայացուցիչ՝ ներկայացնելով «Լոռու սարահարթի խոնավ տարածքների բնահեն վերականգնումը․ սոցիալ-էկոլոգիական հետևանքներ» («Nature-Based Wetland Restoration on the Lori Plateau: Socio-Ecological Implications») թեմայով հետազոտությունը։
Զեկուցումը ներկայացվել է Բրազիլիայի Սան Պաուլոյի համալսարանի կազմակերպած «Բնահեն լուծումների միջոցով կապերի վերականգնում․ բազմաֆունկցիոնալ լանդշաֆտների վերականգնումը և էկոհամակարգային ծառայությունները քաղաքային, մերձքաղաքային և գյուղական տարածքներում» խորագրով սեսիայի շրջանակում։
Հետազոտությունն անդրադարձ է Լոռու սարահարթի կենտրոնական հատվածի խոնավ տարածքների էկոհամակարգային ծառայություններին, դրանցից տեղական բնակչության կախվածությանը, համայնքների մասնակցությանը և խոնավ տարածքների վերականգնման սոցիալ-էկոլոգիական հնարավորություններին ու մարտահրավերներին։ Աշխատանքի նպատակներից է գիտական տվյալների և համայնքային փորձառության համադրմամբ նպաստել բնահեն լուծումների արդյունավետ պլանավորմանը։
Հետազոտությանը մասնակցել են նաև ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողները։ Այս համագործակցությունը հնարավորություն է տվել ուսանողներին ներգրավվելու իրական գիտահետազոտական աշխատանքներում և տեսական գիտելիքները կիրառելու գործնական ուսումնասիրությունների ընթացքում։
Հետազոտության իրականացման գործում իրենց ներդրումն են ունեցել նաև ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դասախոս Վարդան Նահապետյանը և դոցենտ Արսեն Գրիգորյանը։
Կոնգրեսի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բնահեն լուծումների գիտական հիմնավորվածությանը, էկոհամակարգերի առանձնահատկությունների համակողմանի ուսումնասիրությանը և իրականացվող միջամտությունների երկարաժամկետ արդյունավետության գնահատմանը։ Քննարկվել է նաև գիտության, քաղաքականության և գործնական նախաձեռնությունների միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։
Միջոցառումը կազմակերպվել էր Ֆրանսիայի բնահեն լուծումների ազգային հետազոտական ծրագրի (SOLU-BIOD) և «NetworkNature»-ի կողմից՝ «UNP+»-ի, «Biodiversa+»-ի, Սորբոնի համալսարանի և Փարիզի քաղաքապետարանի համագործակցությամբ։
Մարի Չաքրյանի մասնակցությունը միջազգային կոնգրեսին հնարավոր է դարձել Հովնանյան ընտանեկան հիմնադրամի կողմից ճամփորդական ծախսերի աջակցության շնորհիվ։
ԵՊՀ հետազոտողի մասնակցությունն այս միջազգային գիտական հարթակին կարևոր հնարավորություն էր ներկայացնելու Հայաստանում իրականացվող հետազոտությունները, ընդլայնելու միջազգային մասնագիտական կապերն ու խթանելու բնահեն լուծումների ոլորտում հետագա գիտական համագործակցությունը։
Կոնգրեսի մասին մանրամասն տեղեկությանը կարելի է ծանոթանալ այստեղ:



