ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, Թվային Երկրի միջազգային ընկերության (ISDE) խորհրդի անդամ Արտակ Փիլոյանը մասնակցել է «ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված վայրերի և կայուն զարգացման վերաբերյալ Հուանգշանի 5-րդ երկխոսություն» («5th Huangshan Dialogue on UNESCO-designated Sites and Sustainable Development») գիտական միջոցառմանը, որը տեղի է ունեցել Չինաստանի Հուանգշան քաղաքում։
Հուանգշանի երկխոսությունը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված տարածքների, մշակութային և բնական ժառանգության պահպանության, թվային տեխնոլոգիաների և կայուն զարգացման ոլորտներում միջազգային համագործակցության կարևոր հարթակներից մեկը՝ միավորելով գիտական, քաղաքական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից։
Միջազգային հեղինակավոր այս հարթակում ԵՊՀ գիտնականը ներկայացրել է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Հայաստանի գիտակրթական համայնքը։
ISDE քարտուղարության հրավերով Արտակ Փիլոյանը «Թվային տեխնոլոգիաները՝ որպես համաշխարհային կայուն զարգացման շարժիչ ուժ» խորագրով նիստում հանդես է եկել «Թվային Երկիր և տարածական արդարություն․ գեոինֆորմացիոն տեխնոլոգիաների դերը կայուն և մարդակենտրոն քաղաքային հետազոտություններում» թեմայով զեկուցմամբ։
Նա ներկայացրել է, թե ինչպես են գեոինֆորմացիոն տեխնոլոգիաները, արբանյակային դիտարկումները, տարածական տվյալների բազաները և քաղաքների թվային մոդելները նպաստում կայուն զարգացման նպատակների իրականացմանը և քաղաքային միջավայրի ավելի արդար ու ներառական պլանավորմանը։ Առանձնակի ուշադրություն է դարձվել տարածական արդարության գաղափարին՝ ընդգծելով, որ տվյալների հավաքագրման, վերլուծության և ներկայացման գործընթացները կարող են էական ազդեցություն ունենալ սոցիալական տարբեր խմբերի և տարածքների տեսանելիության ու ներկայացվածության վրա։
Միջոցառման շրջանակում Արտակ Փիլոյանը նաև մասնակցել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) թվային ցուցանիշային շրջանակին նվիրված հատուկ կլոր սեղան-քննարկմանը, որտեղ քննարկվել են թվային տեխնոլոգիաների և մեծ տվյալների կիրառման հնարավորությունները կայուն զարգացման առաջընթացի գնահատման և մոնիթորինգի գործընթացներում։
Միջոցառումը կազմակերպվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի և դրա հովանու ներքո գործող Բնական և մշակութային ժառանգության տիեզերական տեխնոլոգիաների միջազգային կենտրոնի (HIST), Թվային Երկրի միջազգային ընկերության (ISDE), Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային խորհրդի (ICOMOS), Մշակութային արժեքների պահպանման և վերականգնման ուսումնասիրության միջազգային կենտրոնի (ICCROM), Կայուն զարգացման նպատակների համար մեծ տվյալների միջազգային հետազոտական կենտրոնի (CBAS) կողմից։