Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Գեոժառանգության գույքագրում, էլեկտրոնային ուղեցույց և բջջային հավելված կայուն զբոսաշրջության համար (Հայաստան և Վրաստան)» խորագրով միջազգային նախագծի շրջանակում ս.թ. հունիսի 23-28-ը ԵՊՀ-ի և Վրաստանի տեխնիկական համալսարանի (ՎՏՀ) ներկայացուցիչները ճանաչողական այցով եղան նախագծի գործընկեր եվրոպական բուհերում՝ Սիլեզիայի տեխնոլոգիական համալսարանում (ՍՏՀ, Լեհաստան) և Օստրավայի տեխնիկական համալսարանում (ՕՏՀ, Չեխիա)։
ԵՊՀ-ից այցին մասնակցում էին նախագծի ընդհանուր ղեկավար, դոցենտ Գոռ Ալեքսանյանը և Սերվիսի ամբիոնի վարիչ, դոցենտ Սեյրան Սուվարյանը, իսկ ՎՏՀ-ից՝ պրոֆեսոր Նոդար Պոպորաձեն և դոցենտ Օլգա Սեսկուրիան։ Նախագծի հայ և վրացի մասնակիցներին Լեհաստանում՝ գործընկեր բուհում, ընդունեցին պրոֆեսորներ Քրիստոֆ Լաբուսը և Մալգոժատա Լաբուսը, իսկ Չեխիայի գործընկեր բուհում՝ պրոֆեսորներ Մարտին Կլեմպան և Պետր Սկուպիենը։
Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ գործընկեր բուհերի՝ գեոզբոսաշրջության զարգացման բնագավառում ունեցած փորձին, ինչպես նաև Լեհաստանի և Չեխիայի սահմանային տարածքներում գեոզբոսաշրջության զարգացման նպատակով ստեղծված զբոսաշրջային արդյունքներին։
Լեհաստանի և Չեխիայի գործընկերները ներկայացրին իրենց բուհերը, գեոզբոսաշրջության բնագավառում կատարած հետազոտությունները, դրանց մեթոդաբանությունը և արդյունքները։ Կազմակերպվեցին նաև այցելություններ գեոզբոսաշրջային օբյեկտներ, մասնավորապես՝ Զաբժե քաղաքում գտնվող Շտոլնիա Կրուլովա Լուիզա նախկին ածխահանք, որը հանքի փակվելուց հետո դարձել է գեոզբոսաշրջային վայր և զբոսաշրջային յուրահատուկ, նորարարական արդյունք։ Իսկ Օստրավա քաղաքում մասնակիցները այցելեցին Լանդեկ Պարկ հանգստի գոտի և թանգարան, որը նույնպես նախկին ածխարդյունաբերական տարածք է, իսկ ներկայում օգտագործվում է որպես զբոսաշրջային վայր, ինչպես նաև հանգստի և ժամանցի կազմակերպման տարածք։
Հանդիպումների շրջանակում քննարկվեցին նաև նախագծի իրականացման հետագա քայլերին առնչվող հարցեր, ինչպես նաև նախանշվեցին եվրոպական գործընկեր բուհերից նախագծի մասնակիցների՝ Հայաստան և Վրաստան այցելությունների ժամանակահատվածներն ու բովանդակությունը։











