ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի և ԻԻՀ դեսպանության մշակութային կենտրոնի համագործակցության շրջանակում հայերենով լույս է տեսել «Իսլամական հեղափոխության գրականություն» ուսումնասիրությունը:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի որոշմամբ տպագրության երաշխավորված աշխատությունն առանցքային նշանակություն ունի ժամանակակից Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) մշակութային-ազգային ինքնությունը, գոյաբանական հիմքերը, ինչպես նաև ազգային ինքնության վերածված շիայական կենսափիլիսոփայությունը ճիշտ ընկալելու և վերլուծելու տեսանկյունից:
Թարգմանությունը կատարել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Գառնիկ Գևորգյանը: Ըստ թարգմանչի՝ գիրքը կարևոր ուղեցույց է մեր տարածաշրջանային հարևանի մշակութային առանձնահատկություններն ու հասարակական-քաղաքական ընթացքները խորությամբ ճանաչելու ճանապարհին:
Նախագծի իրականացման գործում կարևոր աջակցություն են ցուցաբերել ԻԻՀ դեսպանության մշակութային ներկայացուցիչները։ Թարգմանության նախաձեռնության հեղինակը ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակութային նախկին կցորդ Հ. Թաբաթաբային է: Գիրքը տպագրվել է ներկայիս կցորդ Մ. Ա. Մովահեդի աջակցությամբ:
Նորատիպ հրատարակությունը նախատեսված է իրանագետների, արևելագետների, միջազգայնագետների, ինչպես նաև Իրանի մշակույթով ու պատմությամբ հետաքրքրվող լայն հանրության համար: