Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում կայացել է «Ադրբեջանի պետական լեզվական քաղաքականությունը և տեղաբնիկ ժողովուրդների լեզվական իրավունքների իրացման խնդիրները. հանրակրթական դասագրքեր և հարակից հարցեր» թեմայով աշխատաժողով։
Միջոցառումն իրագործվել է «Լեզուների վտանգվածությունն Ադրբեջանում. պետական լեզվական քաղաքականության և տեղաբնիկ ժողովուրդների հանրալեզվաբանական վարքագծի ուսումնասիրություն իրանական լեզուների (քրդերեն, թալիշերեն և թաթերեն) օրինակով» թեմատիկ ծրագրի շրջանակում (ծածկագիր՝ 24SSAH-6B028)։ Ծրագիրը ֆինանսավորում է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն՝ «Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում հետազոտություններ – 2024» դրամաշնորհային մրցույթի արդյունքներով։
Աշխատաժողովին մասնակցել է նաև ծրագրի արտասահմանյան գործընկեր, Կարլտոնի համալսարանի (Կանադա, Օտտավա) պրոֆեսոր Ջաֆֆեր Շեյհոլիսլամին, ինչպես նաև ոլորտի մասնագետներ, հետազոտողներ և ուսանողներ:
Քննարկումների առանցքում են եղել Ադրբեջանում իրանական լեզվախմբին պատկանող տեղաբնիկ ժողովուրդների՝ քրդերի, թալիշների և թաթերի լեզվական իրավունքների պաշտպանությունը, հանրակրթական դասագրքերի բովանդակությունն ու պետական լեզվական քաղաքականության ազդեցությունը վտանգված լեզուների պահպանման վրա։
Աշխատաժողովի ավարտին Ջ.վՇեյհոլիսլամին հանդես է եկել եզրափակիչ ելույթով, որի ընթացքում անդրադարձել է Ադրբեջանի լեզվական քաղաքականության և դրա համատեքստում Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդների լեզվական խնդիրների ուսումնասիրության հարցի կարևորությանը՝ բարձր գնահատելով ԵՊՀ իրանագիտության ամբիոնի գիտական խմբի ներդրումն ու ջանքերն այդ ուղղությամբ։

