ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի հրավերով Հայաստանում էր Հռոմի Սապիենցա համալսարանի (Իտալիա) դոկտոր, միջին արևելաիրանական բանասիրության մասնագետ Մարկո Ֆատտորին, որի հետազոտություններն ու գիտական հրապարակումները ներառում են նաև հայ-իրանական լեզվական շփումների ոլորտը։
Այցի շրջանակում դոկտոր Ֆատտորին հանդես է եկել մասնագիտական բանախոսություններով՝ ներկայացնելով «Հին հայերենի և միջին իրանական լեզուների շփման ասպեկտները. առանձին օրինակային ուսումնասիրությունների ընտրանի» և «Խոթանասակերենի և դրա լեզվական հուշարձանների արդի ուսումնասիրությունները. իտալական KhoTxt նախագծի նպատակներն ու շրջանակը» խորագրով դասախոսությունները:
Հանդիպումներին մասնակցում էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և ոլորտով հետաքրքրված մասնագետներ, որոնք հնարավորություն ունեցան քննարկելու միջին իրանական լեզուների և հայ-իրանական առնչությունների վերաբերյալ արդիական հարցեր: