Ս․թ․ մարտի 12-13-ը Մոսկվայում տեղի ունեցավ «Գիտական դիվանագիտությունը ռուս-հայկական հարաբերություններում» խորագրով ֆորում:
Միջոցառումը կազմակերպվել էր Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի և Ե. Մ. Պրիմակովի անվան արտաքին քաղաքական համագործակցության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ:
Ֆորումի շրջանակում ողջույնի խոսքով և փորձագիտական զեկույցով հանդես եկավ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը:
Մասնակցելով լիագումար նիստին՝ պրոֆեսոր Մելքոնյանը ներկայացրեց հայ-ռուսական հարաբերություններում գիտական դիվանագիտության, կրթական հաստատությունների՝ նոր իրողությունների համապատկերում համագործակցության վերաբերյալ իր վերլուծությունները:
Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում փորձագետների դերին նվիրված կլոր սեղան-քննարկմանը Մելքոնյանը ներկայացրեց իր պատկերացումները որոշ հնացած կարծրատիպերից ազատվելու, իրավիճակին և շահերին համահունչ հարաբերություններ ունենալու մասին։
Ֆորումի ընթացքում քննարկումների առանցքում եղել են հայ-ռուսական գիտական համագործակցության զարգացման հեռանկարները՝ որպես դիվանագիտության և փորձագիտական երկխոսության կարևոր գործիք: Մասնակիցները հատուկ անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում տեղի ունեցող արդի փոփոխություններին, անվտանգության նոր միտումներին և տնտեսական փոխազդեցությանը վերաբերող հարցերին:
Այցի շրջանակում Ռուբեն Մելքոնյանը հանդիպում-քննարկումներ է ունեցել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ա․ Ալիքբերովի, Վ․ Նաումկինի և այլոց հետ՝ համատեղ նոր ծրագրերի իրականացման և համագործակցության ընդլայնման նպատակով: