Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը տեղի է ունեցել հանդիպում ԻԻՀ դեսպանի հետ, որին մասնակցել են նաև ԵՊՀ իրանագիտության ամբիոնի ապագա մագիստրանտները:
ԻԻՀ դեսպան Խալիլ Շիրղոլամին, ողջունելով Իրանագիտության ամբիոնի ներկայացուցիչներին և ուսանողներին, ընդգծել է Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի նշանակալի դերը Իրանի մշակույթի և քաղաքակրթության ճանաչման գործում:
Դեսպանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Հայաստանում իրանագիտությունը վաստակաշատ դասախոսների, հատկապես պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի գործունեության շնորհիվ, վերածվել է իրանասիրության։ Դուք՝ իրանագիտության երիտասարդ ուսանողներդ, պետք է շարունակեք այս ուղին և նպաստեք այս ամբիոնի առավելագույն ծաղկմանն ու զարգացմանը, որպեսզի ապագայում դառնաք իրանագիտության ոլորտի ճանաչված դասախոսներ»։
Հանդիպման ընթացքում, որին ներկա էին ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը և դասախոս Գարիկ Միսակյանը, քննարկվել են նաև գիտակրթական նոր հեռանկարներ։ ԵՊՀ պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը հանդես է եկել Երևանի պետական համալսարանում «Իրանագետների միջազգային համաժողով» կազմակերպելու առաջարկով՝ հրավիրելով Եվրասիայի երկրների առաջատար իրանագետների։
Առաջարկը ջերմ ու դրական արձագանք է ստացել ԻԻՀ դեսպան Խալիլ Շիրղոլամիի կողմից, ինչը նոր հնարավորություններ կստեղծի միջազգային գիտական համագործակցության ընդլայնման համար։