Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի ներկայացուցիչները մասնակցել են Սուրբ Էնդրյուսի համալսարանում (Միացյալ Թագավորություն) կայացած «Symposia Iranica» իրանագիտական հինգերորդ միջազգային գիտաժողովին:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի մասնագետները գիտաժողովի ընթացքում «Իրանի Իսլամական Հանրապետության ներքաղաքական հոսանքների ազդեցությունը Իրանի հարավկովկասյան քաղաքականության վրա (2013-2024թթ.)» (ծածկագիր՝ 25YR-6A021) գիտական թեմայի շրջանակում հանդես են եկել զեկուցումներով և ներկայացրել Իրանի տարածաշրջանային քաղաքականությանն առնչվող հետևյալ առանցքային թեմաները: Պ.գ.թ., դոցենտ Լիանա Պետրոսյանը ներկայացրել է «Իրանի ներքաղաքական հոսանքների ազդեցությունը Իրանի հարավկովկասյան քաղաքականության հայկական ուղղության վրա 2020-2024 թթ. (Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունների համատեքստում)» զեկուցումը:
Դասախոսներ Նարե Գևորգյանը և Գարիկ Միսակյանը համապատասխանաբար հանդես են եկել «Իրանի ներքաղաքական հոսանքների ազդեցությունը Իրանի հարավկովկասյան քաղաքականության ադրբեջանական ուղղության վրա 2020-2024 թթ. (Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունների համատեքստում)» և «Ներքաղաքական հոսանքները և Իրան-Ադրբեջան հարաբերությունների փոփոխվող դինամիկան (2018–2025 թթ.)» զեկուցումներով:
Գիտաժողովի շրջանակում ԵՊՀ պատվիրակությունը մի շարք արդյունավետ հանդիպումներ և քննարկումներ է ունեցել արտերկրի առաջատար իրանագետների հետ: Քննարկվել են մասնագիտական համագործակցության ընդլայնման և համատեղ հետազոտական ծրագրերի հնարավորությունները:
Հայաստանյան պատվիրակությունը պաշտոնական հրավեր է ստացել մասնակցելու հաջորդ տարի Ռումինիայում կայանալիք միջազգային իրանագիտական գիտաժողովին, ինչը ևս մեկ անգամ փաստում է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի միջազգային բարձր վարկանիշը: