Ս.թ. սեպտեմբերի 23-ին ԵՊՀ-ում անցկացված «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026»-ը մեկ օրում միավորեց կրթությունն ու աշխատաշուկան՝ ուսանողներին ու շրջանավարտներին հնարավորություն տալով հանդիպելու գործատուներին, բացահայտելու կարիերայի նոր ուղիներ, ներկայացնելու սեփական գաղափարներն ու մասնագիտական ներուժը, իսկ կազմակերպություններին՝ գտնելու նոր մասնագետներ և ձևավորելու համագործակցություն ու նոր կապեր։
Էքսպոյի նպատակն էր ներկայացնել ԵՊՀ կրթական ծրագրերը, ֆակուլտետների գործունեությունն ու համալսարանական կյանքի հնարավորությունները՝ միաժամանակ ընդգծելով ուսանողների մասնագիտական զարգացման և համագործակցության հեռանկարները։ Միջոցառման շրջանակում դիմորդները հնարավորություն ունեցան անմիջականորեն ծանոթանալու ֆակուլտետների կրթական ուղղություններին, գործունեությանը և համալսարանական միջավայրին։
«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026»-ին ակտիվ մասնակցություն ունեցավ նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետը։ Նրա տաղավարում ներկայացվեցին բակալավրի կրթական ծրագրերը, ուսումնառության առանձնահատկությունները, գիտական և մշակութային գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև ուսանողների կրթական, գիտական և մասնագիտական զարգացման հնարավորությունները։
Ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներում առանձնահատուկ ակտիվություն ցուցաբերեցին Պատմության ֆակուլտետի ուսանող-կամավորները։ Նրանք ներգրավված էին կազմակերպչական տարբեր փուլերում՝ նպաստելով ֆակուլտետի տաղավարի ձևավորմանը, անհրաժեշտ նյութերի պատրաստմանը և միջոցառման պատշաճ կազմակերպմանը։
«Կարծում եմ՝ այս տարի Պատմության ֆակուլտետը ներկայացավ բավական տարբերվող ձևաչափով։ Ֆակուլտետի յուրաքանչյուր կրթական ծրագիր կազմակերպել էր ինտերակտիվ խաղեր, որպեսզի այցելուների համար մասնակցությունն ավելի հետաքրքիր լինի։ Խաղերը և՛ ժամանցային էին, և՛ ուսուցողական։ Մասնակիցները հեռանում էին նվերներով և պատմության վերաբերյալ նոր գիտելիքներով։ Մեր կամավորների աշխատանքն այս տարի հրաշալի էր։ Նրանք շատ ակտիվ էին, մոտիվացված և եռանդով լի։ Նրանց շնորհիվ մեր տաղավարի այցելուները հեռանում էին դրական տպավորություններով։ Բազմաթիվ հետաքրքիր գաղափարներ կան, որոնք մեր կամավորների հետ համատեղ իրագործելու ենք նոր ձևաչափով հաջորդ տարվա «ԲանՈՒԳործ»-ին»,- նշեց Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի ասպիրանտ, էքսպոյում Պատմության ֆակուլտետի կամավորների աշխատանքները համակարգող Լաուրա Եսաֆյանը։
Էքսպոյի շրջանակում Պատմության ֆակուլտետը ներկայացավ հնագիտական պեղավայրով, որի միջոցով այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու հնագիտական դաշտային աշխատանքների առանձնահատկություններին, պեղումների ընթացքին և ժամանակակից հնագիտության կիրառական հնարավորություններին։
Պեղավայրում ցուցադրված էին տարբեր ժամանակաշրջանների խեցեգործական նմուշներ, որոնք ներկայացնում էին հնագույն կենցաղի, արհեստագործության և նյութական մշակույթի զարգացման փուլերը։ «Առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրեց թաղման ծեսի իմիտացիոն հատվածը, որը հնարավորություն էր տալիս այցելուներին պատկերացում կազմելու հնագիտական դաշտային աշխատանքների, պեղումների ընթացքի և ծիսական համատեքստի վերականգնման կարևորության մասին»,- նշեց «Հնագիտություն և ազգաբանություն» մագիստրոսական ծրագրի առաջին կուրսի ուսանող Գոհար Կարապետյանը, որը այցելուներին ներկայացնում էր պեղավայրը։
«Բացի ավանդական ցուցադրությունից՝ այցելուներին ներկայացրինք նաև ժամանակակից հնագիտության անբաժանելի մաս կազմող նորարարական տեխնոլոգիաները։ Պատմեցինք 3D մոդելավորման և ֆոտոգրամետրիայի հնարավորությունների մասին, որոնք կատարվում են անօդաչու թռչող սարքերի (դրոնների) միջոցով արված բարձրորակ լուսանկարներով։ Սա հնարավորություն է տալիս ստանալ պեղավայրի և հայտնաբերված կառույցների ճշգրիտ եռաչափ մոդելները՝ առանց հուշարձանը վնասելու»,- հավելեց Գոհար Կարապետյանը։
«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026»-ը ևս մեկ անգամ փաստեց, որ համալսարանական կրթությունը միայն լսարանում ստացած գիտելիքը չէ։ Այն նաև համագործակցության, նախաձեռնողականության, նոր փորձառությունների և մասնագիտական ապագան կառուցելու միջավայր է։ Պատմության ֆակուլտետի ուսանողների ակտիվ մասնակցությունն ու կամավորական ոգևորությունը կարևոր ներդրում էին այս գաղափարի իրականացման գործում:







