ԵՊՀ պատմության ֆակուլտետի «Հնագիտություն և ազգագրություն» բակալավրի կրթական ծրագրի առաջին կուրսի և «Հնագիտություն և ազգաբանություն» մագիստրոսական ծրագրի երկրորդ կուրսի ուսանողները համապատասխանաբար «Ազգաբանության (մշակութային/սոցիալական մարդաբանության) հիմունքներ» և «Ուտեստի մարդաբանություն» դասընթացների շրջանակում Հնագիտության և ազգագրության ամբիոնի դասախոս Ռուզաննա Ծատուրյանի ուղեկցությամբ գիտաճանաչողական դաշտային այց են կատարել Հայաստանի գինու պատմության թանգարան։
Արտալսարանային դասի նպատակն էր ուսումնական գործընթացը լրացնել արտալսարանային ճանաչողական և հետազոտական փորձառությամբ՝ ուսանողներին հնարավորություն տալով թանգարանային միջավայրում դիտարկելու և ուսումնասիրելու գինեգործությունը որպես ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր բաղադրիչ։ Գինին և գինեգործությունը միայն արտադրական գործունեություն չեն․ դրանք առնչվում են հասարակության պատմական հիշողությանը, սոցիալական հարաբերություններին, կենցաղին, ավանդույթներին և ինքնության տարբեր դրսևորումներին։ Հետևաբար, դրանց ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի նաև մարդաբանական տեսանկյունից։
Այցը երկու դասընթացների շրջանակում նախատեսված ուսումնական և հետազոտական առաջադրանքների կատարման հնարավորություն էր։ «Ուտեստի մարդաբանություն» դասընթացի շրջանակում ուսանողների առաջադրանքն էր թանգարանային դիտարկում կատարել, այնուհետև պատրաստել գրավոր աշխատանք՝ ներկայացնելով թանգարանի պատմությունը, նկարագրությունը և իրենց ընտրած մեկ ցուցանմուշի պատմությունը։ «Ազգաբանության (մշակութային/սոցիալական մարդաբանության) հիմունքներ» դասընթացի շրջանակում ուսանողները, հիմնվելով այցի ընթացքում հավաքված դաշտային նյութի վրա, պետք է անդրադառնան հետևյալ հետազոտական այն հարցին, թե ինչ պատմություն է թանգարանը կառուցում հայկական գինու մասին։
Այսպիսով, թանգարանային այցը ուսանողների համար ոչ միայն ճանաչողական փորձառություն էր, այլև հնարավորություն՝ գործնականում կիրառելու դիտարկման, դաշտային նյութի հավաքագրման և մշակութային երևույթների մարդաբանական վերլուծության հմտությունները։
Նմանատիպ ուսումնաճանաչողական այցերը նպաստում են տեսական գիտելիքների գործնական կիրառմանը, հետազոտական մտածողության զարգացմանը և մշակութային ժառանգության բազմակողմանի ուսումնասիրմանը։




