ԵՊՀ պատմության ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպած «Հեթումյանների դինաստիայի հռչակման 800-ամյակին» նվիրված ինտերակտիվ խաղ-մրցույթի հաղթող թիմի՝ Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի աշակերտներն այցելել են Երևանի պետական համալսարան։
Այցի շրջանակում աշակերտները հանդիպում են ունեցել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ, շրջայց կատարել ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում, ինչպես նաև Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում՝ ծանոթանալով համալսարանի պատմությանը, կրթագիտական գործունեությանը, համալսարանական արժեքներին ու ավանդույթներին։
Աշակերտներից Կարինե Դադոյանի խոսքով՝ համալսարան կատարած այցն առաջինը չէր, սակայն այս անգամ այն առանձնահատուկ էր, քանի որ հանդիպում էր կազմակերպվել ԵՊՀ ռեկտորի հետ:
«Չնայած հանդիպումից առաջ որոշակի լարվածություն կար, սակայն այն անցավ շատ ջերմ և անմիջական մթնոլորտում։ Պարոն Հովհաննիսյանը մեզ խորհուրդներ տվեց՝ խոսելով ինչպես իր անցած ճանապարհի, այնպես էլ մեզ սպասվող ուսանողական կյանքի մասին»,- ասաց աշակերտը։
Անդրադառնալով «Հեթումյանների դինաստիայի հռչակման 800-ամյակին» նվիրված մրցույթին՝ նա ընդգծեց, որ այն աշակերտներին հնարավորություն տվեց պատմությանը նայելու դպրոցական դասագրքերից և քննական նյութերից դուրս։
«Մրցույթին մասնակցելը հեշտ չէր, բայց շատ հետաքրքիր և ուսուցողական էր։ Ես՝ որպես թիմի անդամ, կարող եմ վստահորեն ասել, որ բոլորս էլ թե՛ նախապատրաստական փուլում, թե՛ բուն մրցույթի ընթացքում հաճույք ենք ստացել և ձեռք բերել նոր գիտելիքներ»,- ընդգծեց Կարինեն։
Թանգարանային շրջայցը դպրոցականներին հնարավորություն տվեց ծանոթանալու համալսարանի պատմությանը՝ բացահայտելով բուհի պատմական ժառանգությունն ու համալսարանական ավանդույթները։ Գրադարանում աշակերտները ծանոթացան նաև ուսանողների համար ստեղծված պայմաններին ու կրթական հնարավորություններին։
«Ծանոթացանք ուսանողների հարմարավետության և կրթության համար ստեղծված ու ստեղծվող հնարավորություններին՝ հարմարավետ ու ժամանակակից գրադարանին, համակարգչային սենյակին և մի շարք այլ ենթակառուցվածքներին»,- իր խոսքն ամփոփեց Կարինեն։