ԵՊՀ պատմության ֆակուլտետում բուհ-դպրոց համագործակցության շրջանակում հյուրընկալվեցին Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի աշակերտները։ Վերջիններս «Հայոց պատմություն» առարկայից կատարում են հետազոտական աշխատանք՝ «ՀՅԴ դերը ազգային ազատագրական պայքարում» թեմայով։
Թեմային նվիրված դասախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Հովիկ Գրիգորյանը։ Դասախոսությունն աշակերտների համար գիտամեթոդական կարևոր ուղեցույց էր, որը նպաստեց թեմայի համակարգված, հիմնավորված և աղբյուրագիտական տեսանկյունից ճշգրիտ ուսումնասիրությանը։ ԵՊՀ դոցենտը մատնանշեց նաև թեմային առնչվող մասնագիտական գրականություն՝ ուղղորդելով աշակերտների ուսումնասիրությունների հետագա ընթացքը։
Դասախոսությունն ավարտվեց ակտիվ քննարկումով և հարցուպատասխանով, որի ընթացքում աշակերտները ներկայացրին իրենց դիտարկումները՝ ստանալով թեմային առնչվող մասնագիտական պարզաբանումներ։
Այցի շրջանակում աշակերտները շրջեցին ֆակուլտետում՝ ծանոթանալով համալսարանական միջավայրին, կրթական գործընթացին և ուսումնական հնարավորություններին։
Պատմության ֆակուլտետը շարունակում է բուհ-դպրոց համագործակցությունը՝ աջակցելով աշակերտների պատմագիտական հետաքրքրությունների ձևավորմանը, հետազոտական մտածողության զարգացմանը և գիտական աշխատանքի մշակույթի խթանմանը։