ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Մխիթար Գաբրիելյանը և դեկանի տեղակալ, «Կովկասագիտություն» կրթական ծրագրի ղեկավար, պ.գ.թ., դոցենտ Հայկ Մխոյանը բուհ-դպրոց համագործակցության շրջանակում հյուրընկալվեցին Փարաքարի միջնակարգ դպրոցում: Այցի առանցքում աշակերտների մասնագիտական կողմնորոշումն էր, պատմագիտական կրթության արդիականության և «Կովկասագիտություն» մասնագիտության ռազմավարական նշանակության ներկայացումը:
Մխիթար Գաբրիելյանը մանրամասնեց բակալավրիատի կրթական ուղղությունները՝ փաստելով, որ պատմաբանի մասնագիտությունը վաղուց դուրս է եկել սոսկ տեսական գիտելիքի սահմաններից: Պատմության ֆակուլտետը պատրաստում է վերլուծաբաններ, որոնք տիրապետում են քաղաքական գործընթացների և հասարակական երևույթների քննական վերլուծությանը:
Հայկ Մխոյանը ներկայացրեց «Կովկասագիտություն» կրթական ծրագիր՝ ընդգծելով, որ գիտական հարուստ ավանդույթների հենքի վրա կազմված է մի ծրագիր, որի նպատակն է պատրաստել հայագիտական և կովկասագիտական հիմնարար գիտելիքներով օժտված մասնագետներ։ Ծրագրի գլխավոր առավելություններից է լեզուների խորացված ուսուցումը. ուսանողները տիրապետում են մեկ եվրոպական լեզվի, ինչպես նաև վրացերենին և ադրբեջաներենին։ Սա նրանց հնարավորություն է տալիս դառնալու տարածաշրջանի (Վրաստանի, Ադրբեջանի, Հյուսիսային Կովկասի) պատմության և արդի խնդիրների նեղ մասնագետներ, որոնք մրցունակ են ինչպես հայկական, այնպես էլ գիտական ու վերլուծական միջազգային ասպարեզներում:
Անդրադառնալով կարիերայի հնարավորություններին՝ նշվեց, որ «Կովկասագիտություն» կրթական ծրագրի շրջանավարտները հիմնարար պատրաստվածության շնորհիվ հաջողությամբ աշխատում են թե՛ գիտակրթական հաստատություններում, թե՛ պետական համակարգում՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, դիվանագիտական ներկայացուցչություններում, պաշտպանության նախարարության համակարգում և ազգային անվտանգության ծառայությունում։
«Կովկասագիտություն» կրթական ծրագրի ղեկավարն անդրադարձավ նաև Պատմության ֆակուլտետի կրթական մյուս ծրագրերին՝ ներկայացնելով նրանցից յուրաքանչյուրի առանձնահատկություններն ու հնարավորությունները։
Հ. Մխոյանը, լինելով այս դպրոցի շրջանավարտ և նախկին ուսուցիչ, սեփական օրինակով աշակերտներին ցույց տվեց կրթական հետագծի հաջողված ընթացքը՝ դպրոցական նստարանից մինչև համալսարանական գիտական գործունեություն:
Հանդիպման ընթացքում առանձնակի կարևորվեց բուհ-դպրոց գործնական համագործակցությունը։ Դպրոցի տնօրեն Անուշ Հակոբյանի հետ ձեռք բերվեց համաձայնություն՝ ըստ որի Փարաքարի միջնակարգ դպրոցի աշակերտներն այսուհետ հնարավորություն կունենան իրենց նախագծային աշխատանքները ներկայացնելու ԵՊՀ պատմության ֆակուլտետում՝ ստանալով մասնագիտական խորհրդատվություն և աջակցություն։
Այցն ամփոփվեց աշակերտի և բուհի միջև ակնկալիքների շուրջ ծավալված երկխոսությամբ. քննարկվեցին թե՛ ժամանակակից աշակերտի պատկերացումները ապագա մասնագիտության վերաբերյալ, թե՛ բուհի պահանջները ապագա ուսանողից: