ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի նախաձեռնությամբ ս.թ. ապրիլի 10-12-ը ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում անցկացվեց «Մշակույթ, պատմություն, արդիականություն» խորագրով ուսանողական ամենամյա երկօրյա գիտաժողով, որի շրջանակում քննարկվեցին մշակութային ժառանգության և պատմության, արդի մշակութային գործընթացների, ինչպես նաև ինքնության և հիշողության հետ կապված բազմաբնույթ խնդիրներ։
Գիտաժողովը համախմբել էր ամբիոնի դասախոսներին, ուսանողներին և երիտասարդ հետազոտողներին՝ ստեղծելով միջգիտակարգային քննարկումների և գիտական փորձի փոխանակման հարթակ։ Ուսանողական հետազոտություններին զուգահեռ՝ զեկուցումներով հանդես եկան նաև ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները՝ նպաստելով մասնագիտական երկխոսության խորացմանը։
Գիտաժողովի շրջանակում ներկայացվեցին զեկուցումներ, որոնք վերաբերում էին միջնադարյան պատկերագրությանը, եկեղեցաշինության մեջ կանանց դերակատարությանը, հուշարձանային լանդշաֆտի ձևավորմանը, խաչքարային մշակույթին, ինչպես նաև տեղական պատմական հիշողության դրսևորումներին։ Առանձին ուշադրություն դարձվեց ծեսերի, հավատալիքների և խորհրդանիշների ուսումնասիրությանը՝ ընդգրկելով թաղման ծեսերի վերակազմության, ծիսական համակարգերում զգայական ընկալումների և խորհրդանիշների բազմաշերտ մեկնաբանությունների հարցեր։
Զեկուցումներում անդրադարձ կատարվեց նաև մշակութային քաղաքականության արդի խնդիրներին՝ ներառելով հետխորհրդային հիշողության, քաղաքացիական շարժումների, մշակութային ինստիտուտների գործունեության, ինչպես նաև արդյունաբերական քաղաքների մշակութային կերպարի ձևավորման թեմաները։ Քննարկվեցին մշակութային ժառանգության պահպանության և թանգարանային քաղաքականության արդի մարտահրավերները։
Գիտաժողովն ամփոփվեց ներկայացված զեկուցումների արդյունքների քննարկմամբ, որի ընթացքում ընդգծվեց ուսանողների գիտահետազոտական ակտիվության և նման նախաձեռնությունների դերը մասնագիտական կարողությունների զարգացման գործում։ Կարևորվեց միջգիտակարգային համագործակցությունը և միջոցառման շարունակական կազմակերպումը՝ որպես արդյունավետ հարթակ երիտասարդ հետազոտողների համար։
Ամենամյա գիտաժողովը նպատակ ունի խթանելու ուսանողների գիտական գործունեությունը, զարգացնելու վերլուծական մտածողությունը և ձևավորելու ակադեմիական քննարկումների մշակույթ։




