«Հնագիտություն և ազգաբանություն» մագիստրոսական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Ստելլա Սարոյանը Մովսես Խորենացու անվան կրթաթոշակակիր է։ Մեզ հետ զրույցում նա ներկայացրեց իր հետազոտական հետաքրքրությունները, անդրադարձավ համալսարանական միջավայրի դերին և խոսեց իր մասնագիտական ապագա ծրագրերի մասին։
Ուսումնառության ընթացքում նրա անցած ճանապարհը պատմություն է այն մասին, թե ինչպես են գիտական հետաքրքրությունները, համալսարանական միջավայրն ու գործնական փորձառությունը համադրվում՝ նպաստելով հուսալի ու խոստումնալից մասնագիտական ուղի ձևավորելուն։
Կրթաթոշակը՝ որպես ակադեմիական վստահության չափանիշ
Ստելլա Սարոյանի համոզմամբ՝ անվանական կրթաթոշակը միայն ֆինանսական աջակցություն չէ, այլ նաև ուսանողի գիտական ներուժի գնահատական։
«Այն ուսանողին հաղորդում է պատասխանատվության զգացում՝ պահպանելու և բարձրացնելու գիտական նշաձողը, ինչպես նաև ազդակ է, որ ներդրված ջանքերը տեսանելի են և գնահատված»,- նշում է նա։
Ըստ մագիստրանտի՝ կրթաթոշակը կարևոր գործոն է իր մասնագիտական ինքնակենսագրականում՝ բացելով նոր հնարավորություններ նաև միջազգային կրթական ծրագրերի համար։
Գիտական հետաքրքրությունները. գյուղի առօրեականության ազգագրություն
Խոսելով իր գիտական հետաքրքրությունների մասին՝ Ստելլան նշում է, որ կենտրոնացած է գյուղի առօրեական ազգագրության ուսումնասիրության վրա։ Նա ուսումնասիրում է համայնքային կյանքի փոփոխություններն ու դրանց հետ կապված հավաքական հիշողությունները։
ԵՊՀ մագիստրանտն առանձնակի կարևորում է Պատմության ֆակուլտետի գիտակրթական միջավայրը։ Մասնագիտական գրադարանների ու արխիվային նյութերի հասանելիությունը, ինչպես նաև ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի մեթոդաբանական ուղղորդումը հնարավորություն են ընձեռում տեսական գիտելիքները հաջողությամբ կիրառելու դաշտային հետազոտություններում։
Գործնական փորձառություն և թանգարանային գործ
Ստելլայի մասնագիտական կայացման ճանապարհին կարևոր բաղադրիչներից են թանգարանային պրակտիկաները, մասնավորապես՝ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում և Հայոց ազգագրության թանգարանում կատարած աշխատանքները։
Պատմության ֆակուլտետի աջակցությամբ նա հնարավորություն է ստացել աշխատելու արխիվային վավերագրերի բնագավառում և գիտական սեմինարների շրջանակում ներկայացնելու զեկույցներ, ինչն օգնել է ձևակերպելու հետազոտությունների արդյունքները։
Ապագայի տեսլականը. միջազգայնացում և հանրայնացում
Անդրադառնալով իր ապագա ծրագրերին՝ ԵՊՀ ուսանողն առանձնացնում է զարգացման երկու հիմնական ուղղություն։ Առաջնայինը միջազգային փորձի ձեռքբերումն է, որը ենթադրում է ակտիվ մասնակցություն եվրոպական ամառային դպրոցներին և գիտաժողովներին։ Այս ամենին զուգահեռ՝ մագիստրանտը նպատակ ունի նպաստելու Հայաստանի մշակութային ժառանգության հանրայնացմանը՝ բարձրացնելով նրա ճանաչելիությունը թե՛ գիտական շրջանակներում, թե՛ զբոսաշրջային հարթակներում։
Այսպիսով՝ Ստելլայի հաջողության հիմքը տեսական գիտելիքների և գործնական փորձի համադրումն է: Նրա օրինակը ցույց է տալիս, որ համալսարանական կրթությունը հուսալի մեկնարկ է նրանց համար, ովքեր պատրաստ են պատասխանատվությամբ ու հետևողականությամբ կառուցելու իրենց մասնագիտական ուղին: