Լրացավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Հայկ Ավետիսյանի 70-ամյակը։ Հայ հնագիտության և պատմագիտության զարգացման գործում իր ծանրակշիռ ավանդն ունեցող գիտնականն իր բազմամյա գործունեությամբ դարձել է համալսարանական ավանդույթների կրողն ու զարգացնողը։
Պրոֆեսոր Հ. Ավետիսյանի գիտամանկավարժական գործունեությունը Երևանի պետական համալսարանում սկսվել է 1985 թվականից՝ անցնելով ասիստենտից մինչև պրոֆեսորի պատվաբեր ուղին։ Իր գործունեության ընթացքում նա ստանձնել է առանցքային վարչական պաշտոններ՝ կազմակերպչական իր ձիրքը ծառայեցնելով համալսարանի զարգացմանը։ 1993-1994 թթ. նա զբաղեցրել է Պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալի, 1995-2003 թթ.՝ ԵՊՀ գիտքարտուղարի, իսկ 2004-2009 թթ.՝ Պատմության ֆակուլտետի դեկանի պատասխանատու պաշտոնները։
2009 թվականից մինչ օրս նա գլխավորում է Հնագիտության և ազգագրության ամբիոնը՝ համակարգելով կրթական և հետազոտական աշխատանքները։ Այս տարիների ընթացքում պրոֆեսորի ղեկավարությամբ գիտական ասպարեզ են մուտք գործել հնագետների ու պատմաբանների նոր սերունդներ՝ շարունակելով ոլորտի զարգացումը թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս։
Հ. Ավետիսյանի ջանքերով էապես ընդլայնվել են ամբիոնի միջազգային գիտական կապերը․ Հալլե-Վիտտենբերգի, Մյունխենի, Ինսբրուկի և Կալիֆոռնիայի համալսարանների հետ համատեղ իրականացվել են լայնածավալ պեղումներ Կոտայքում, Արագածոտնում, Վայոց ձորում և ՀՀ պատմական այլ վայրերում։ Նրա գիտական հետաքրքրությունների առանցքում են այնպիսի հանգուցային հուշարձաններ (օրինակ՝ Այգեշատի դամբարանադաշտը, Արամուսի և Օշականի ուրարտական ամրոցները), որոնց ուսումնասիրությունները նոր լույս են սփռել տարածաշրջանի հնագույն պատմության վրա։
Գիտնականի հարուստ ժառանգությունն ընդգրկում է ավելի քան 100 աշխատություն՝ տպագրված տեղական և միջազգային հեղինակավոր պարբերականներում։ Դրանք հիմնականում վերաբերում են Ք.ա. 2–1-ին հազարամյակների մշակույթի զարգացման օրինաչափություններին, հնագույն լանդշաֆտի և սակրալ տեղանքների ձևավորման պատմությանը։ Պրոֆեսորը հեղինակել է «Հայոց պատմության» բազմահատորյակի՝ Ուրարտուի նյութական մշակույթին նվիրված բաժինը, ինչպես նաև (Ա․ Բոբոխյանի հետ համատեղ) «Ուրարտուի պատմության» բուհական ձեռնարկը։ Նրա գործունեությունն ընդգրկում է նաև հանրակրթության ոլորտը, որտեղ նա հանդես է եկել որպես դպրոցական դասագրքերի համապատասխան գլուխների հեղինակ։
Այսօր պրոֆեսորը ղեկավարում է նաև ԵՊՀ հասարակագիտական և հումանիտար հետազոտությունների ինստիտուտի հնագիտական հետազոտությունների լաբորատորիան, որը նրա առաջնորդությամբ դարձել է տարածաշրջանի առաջատար գիտական կենտրոններից մեկը։
Հայկ Ավետիսյանի 70-ամյա հոբելյանը ոչ միայն վաստակաշատ գիտնականի անցած ուղու արժևորումն է, այլև հայագիտության զարգացման հետևողական ընթացքի կարևոր հանգրվաններից մեկը: