Երևանի և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանների միջև միջբուհական համագործակցության պայմանագրի շրջանակում Պատմության ֆակուլտետում հյուրընկալվել են Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ուսանողներ Ալիսա Ռոդյագինան և Վիկտորյա Օվրամեցը, որոնք մասնակցել են ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Արսեն Հակոբյանի՝ «Մշակույթը և հակամարտությունները ժամանակակից Կովկասում և Մերձավոր Արևելքում» դասընթացին՝ ուսումնասիրելով կովկասյան և մերձավորարևելյան տարածաշրջանների հակամարտությունների մարդաբանությունը։
Մեզ հետ զրույցում Արսեն Հակոբյանը նշեց, որ օտարերկրյա ուսանողների դասավանդման իր փորձառությունը բավականին բազմաշերտ է։ Նրա խոսքով՝ գրեթե յուրաքանչյուր տարի ԵՊՀ են գալիս ուսանողներ, որոնք հետաքրքրված են տարածաշրջանային գործընթացների մշակութաբանական և մարդաբանական ուսումնասիրություններով:
«Այս առումով, իմ դասընթացներն ու ուսանողների հետաքրքրությունները հաճախ խաչվում են, և տարիների ընթացքում ձևավորվել է հետաքրքիր ու արդյունավետ փորձ։ Ես դասավանդել եմ փոխանակման ծրագրերով Պատմության ֆակուլտետ ժամանած ուսանողների՝ Գերմանիայից, Շվեյցարիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ռուսաստանի Դաշնությունից և այլ երկրներից»,- նշում է ԵՊՀ դոցենտը։
Խոսելով Պատմության ֆակուլտետի միջազգային փոխանակման ծրագրերի կարևորության մասին՝ Արսեն Հակոբյանը ընդգծում է, որ դրանք ֆակուլտետին տալիս են միջազգայնացման կարևոր փորձ։
«Պատմության ֆակուլտետը առանցքային նշանակություն ունի հայկական մշակույթի ուսումնասիրության տեսանկյունից, և այդ եզակիությունը հնարավորություն է տալիս բավարարելու տարածաշրջանային գործընթացների ու Հայաստանի նկատմամբ օտարերկրյա ուսանողների հետաքրքրասիրությունը։ Միաժամանակ, միջազգային գիտաուսումնական ծրագրերը կարևոր հարթակ են նաև ֆակուլտետի հետազոտողների աշխատանքները միջազգային ակադեմիական դաշտում ներկայացնելու տեսանկյունից»,- մատնանշում է նա։
Ըստ Արսեն Հակոբյանի՝ Կովկասը և Մերձավոր Արևելքը միջազգային գիտակրթական շրջանակներում հաճախ ընկալվում են պատմական և ժամանակակից հակամարտությունների, բնակչության տեղաշարժերի և դրանց հետևանքով առաջացած սոցիալ-մշակութային փոփոխությունների համատեքստում, ինչն էլ մեծացրել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ուսանողների հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ:
ԵՊՀ դոցենտը նշում է, որ ուսանողների անհատական հետազոտական աշխատանքները և ինքնուրույն ուսումնասիրությունները հաճախ դառնում են լուրջ հետազոտական աշխատանքի արդյունք՝ արտացոլելով նրանց հետաքրքրվածությունն ու թեման խորությամբ հասկանալու ձգտումը։ Հայաստանում գտնվելու ընթացքում Պետերբուրգից ժամանած ուսանողները փորձել են ավելի խորությամբ հասկանալ հայաստանյան սոցիալ-մշակութային իրականությունը և այստեղ ընթացող հասարակական գործընթացները։
Ուսանողներից մեկի հետազոտությունը վերաբերում էր ինքնառեֆլեքսիայի միջոցով տեղացիների՝ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ ընկալումների ուսումնասիրությանը։ Հետազոտության շրջանակում նա փորձել է սեփական փորձի օրինակով հասկանալ միգրացիայի հետ կապված մշակութային չափումները և առանձնահատկությունները՝ հաշվի առնելով վերջին տարիներին ռուս-ուկրաինական պատերազմի և այլ գործընթացների հետևանքով դեպի Հայաստան ձևավորված միգրացիոն ակտիվ հոսքերը։
Արսեն Հակոբյանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ օտարերկրյա ուսանողների հետ համագործակցությունը հաճախ չի սահմանափակվում միայն մեկ ուսումնական կիսամյակով։ Նրա խոսքով՝ շարունակական են նաև համատեղ հետազոտական ծրագրերը, մագիստրոսական աշխատանքների համաղեկավարումն ու ասպիրանտական հետազոտությունների խորհրդատվությունը։