Հայաստանի գինու պատմության թանգարանում կայացավ «Հեթումյանների դինաստիայի հռչակման 800-ամյակին» նվիրված ինտերակտիվ խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը։ Մրցույթը կազմակերպվել էր ԵՊՀ պատմության ֆակուլտետի նախաձեռնությամբ և ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի աջակցությամբ՝ նպատակ ունենալով խթանելու դպրոցականների հետաքրքրությունը հայոց պատմության, մասնավորապես՝ Կիլիկիայի հայկական թագավորության պատմության նկատմամբ, ինչպես նաև ամրապնդելու բուհ-դպրոց համագործակցությունը։
Եզրափակիչ փուլին մասնակցում էին նախորդ փուլերը հաղթահարած հինգ թիմեր՝ Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի, ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդու Մարգար Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցի, Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի, Փարաքարի միջնակարգ դպրոցի և Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցի ներկայացուցիչները։ Մրցույթի ընթացքում թիմերը հանդես էին գալիս Կիլիկիայի հայկական թագավորների և թագուհիների անուններով։
Մինչ մրցույթի մեկնարկը մասնակիցները ճանաչողական շրջայց կատարեցին «Արմենիա Վայն» ընկերության տարածքում և Հայաստանի գինու պատմության թանգարանում՝ ծանոթանալով հայկական գինեգործության բազմադարյա ավանդույթներին ու թանգարանի ցուցադրություններին։
Մրցույթի մասնակիցներին ողջունեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը՝ ընդգծելով նախաձեռնության կարևորությունը, մրցույթի կրթական և ճանաչողական նշանակությունը։
«Մենք մրցունակ, ոգևորվող սերունդ ունենք։ Մեր նախաձեռնության նպատակն էր հասկանալ, թե ինչպիսին կարող է լինել ֆակուլտետի և դպրոցների համագործակցությունը: Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ այն տվել է փառահեղ արդյունք։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դպրոցականներին և մանկավարժներին»-, ընդգծեց դեկանը։
Մրցույթի հաղթող ճանաչվեց Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրեց Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի թիմը, իսկ երրորդ տեղը՝ Փարաքարի միջնակարգ դպրոցի թիմը, որոնք ցուցաբերեցին բարձր պատրաստվածություն, թիմային աշխատանք և պատմագիտական խոր գիտելիքներ։
Հաղթող թիմի անդամ Մարիամ Ստեփանյանը նշեց, որ հաղթանակը ոչ միայն մեծ ուրախություն է, այլև պարտավորեցնող.
«Հաղթանակից հետո ոգևորությունը մեծ է և պարտավորեցնող, որ հետագայում ավելի շատ գիտելիքներ ձեռք բերենք և մասնակցենք նմանատիպ միջոցառումների։ Բոլոր աշակերտներին խորհուրդ եմ տալիս հաղթահարել վախը և մասնակցել նման մրցույթների, քանի որ դրանք կարող են դառնալ ձեր հաջողության սկիզբը»։
Թիմի անդամ Կարինա Դադոյանն էլ ընդգծեց, որ իրենց թիմի հաջողության գլխավոր գրավականը բոլոր անդամների ակտիվ ներգրավվածությունն էր.
«Բոլորս հավասարապես մասնակցել ենք աշխատանքին։ Ինձ համար ամենահետաքրքիր մասը պատմական կերպարների ուսումնասիրությունն էր։ Ամենասիրելի կերպարս Լևոն Մեծագործն էր՝ իր հայանպաստ գործունեությանմբ: Յուրաքանչյուր առաջադրանք կատարել ենք պատրաստակամությամբ,ինչն էլ նպաստեց մեր հաջողությանը»։
Թիմի ուսուցիչ Նելլի Սուքիասյանն էլ կարևորեց նման մրցույթների դաստիարակչական նշանակությունը. «Մենք պետք է սիրենք մեզ, մեր հողը, մեր արժեքները և այդ սերը փոխանցենք նոր սերունդներին։ Շատ հաճելի էր մասնակցել այս նախաձեռնությանը: Կցանկանայինք, որ այն շարունակական լինի»։
«Հեթումյանների դինաստիայի հռչակման 800-ամյակին» նվիրված ինտերակտիվ խաղ-մրցույթը ևս մեկ անգամ փաստեց, որ պատմության ուսուցումը կարող է լինել հետաքրքիր, մրցակցային և միաժամանակ նպաստել դպրոցների ու համալսարանի համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև երիտասարդների շրջանում ազգային պատմության և մշակութային ժառանգության նկատմամբ հետաքրքրության խորացմանը։