Երևանի պետական համալսարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ Պատմության ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերն ավարտած 158 շրջանավարտներ ստացան իրենց ավարտական դիպլոմները՝ պատրաստ լինելով համալսարանական ուսումնառության տարիներին ձեռք բերած հիմնարար գիտելիքներով, մասնագիտական հմտություններով և արժեքներով իրենց ներդրումն ունենալու գիտության, կրթության և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։
Միջոցառումը համախմբել էր Պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին, շրջանավարտներին և նրանց հարազատներին՝ ազդարարելով հերթական սերնդի մուտքը մասնագիտական ասպարեզ։
Պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանն իր շնորհավորական ուղերձում ընդգծեց ստացած կրթության հանրային արժեքն ու մայր բուհի շրջանավարտի բարձր առաքելությունը ժամանակակից հասարակության մեջ։ Նա հորդորեց շրջանավարտներին հավատարիմ մնալ համալսարանական արժեքներին, շարունակել գիտելիքի ու մասնագիտական կատարելագործման ճանապարհը և պատվով կրել իրենց ընտրած մասնագիտության պատասխանատվությունը։
Դիպլոմների շնորհման արարողությունը դարձավ նաև շնորհակալության և հրաժեշտի խորհրդանշական պահ համալսարանական տարիներին, որոնք շրջանավարտների համար լի էին գիտելիքով, փորձառությամբ, նոր ձեռքբերումներով և անմոռանալի հիշողություններով։
Պատմության ֆակուլտետում վստահ են, որ մայր բուհում ձեռք բերված հիմնարար գիտելիքներն ու արժեքները լավագույնս կծառայեն ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հասարակության զարգացման՝ հիշեցնելով, որ համալսարանի դռները միշտ բաց են իր սաների առջև։