Ս.թ. մարտի 5-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում Մշակութաբանության ամբիոնի գիտական սեմինարների շրջանակում Թբիլիսիի Իլյիա պետական համալսարանի դասախոս և գիտաշխատող, համեմատական գրականագիտության դոկտոր ու մշակութաբան Լուկա Նախուցրիշվիլին կներկայացնի «Խճճված Թիֆլիս․ թատրոն-քարվանսարայը և կայսերական արդիականությունը մասնատված պատմությունների արանքում» թեմայով բանախոսություն:
Բանախոսը, «թատրոն-քարվանսարայի» շենքը դիտարկելով որպես վերլուծության ելակետ, կներկայացնի, թե ինչպես էր կայսերական արդիականացումը ձևավորում բազմէթնիկ միջավայրի գոյատևման գործընթացը 19-րդ դարի կեսերի Թիֆլիսում։ Զեկույցի շրջանակում կառաջարկվի նաև մտորել, թե ինչ է նշանակում այդ պատմական ժամանակաշրջանի վերաիմաստավորումը մեր օրերում՝ իրարամերժ ազգայնականություններով պայմանավորված լեզվական և տարածքային սահմանների համատեքստում։
Բանախոսության լեզուն՝ անգլերեն։ Անգլերենին չտիրապետողների համար կապահովվի թարգմանություն։
Մուտքն ազատ է: