ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մեդիաուսումնասիրությունների և նշանագիտության ամբիոնի վարիչ, բ․գ․դ․, պրոֆեսոր Տիգրան Սիմյանը ս.թ. սեպտեմբերի 4–7-ը մասնակցել է Սոզոպոլում (Բուլղարիա) անցկացված «Նշանագիտության XXX վաղ աշնանային դպրոց» գիտաժողովին՝ ««Ես»-երի միջև․ մարդու և արհեստական բանականության սուբյեկտիվությունը նշանագիտական և միջգիտակարգային հեռանկարներում» («Between Selves: Human and AI Subjectivity in Semiotic and Interdisciplinary Perspectives») խորագրով:
Գիտության ինստիտուցիոնալացման ձևերից մեկը միջազգային դպրոցների կազմակերպումն է, որոնք համատեղում են գիտաժողովների, սեմինարների և կոլոքվիումների ձևաչափերը։ Նման հարթակները դառնում են գիտական սիներգիայի միջավայր՝ հիմք հետագա հետազոտությունների և գիտական համագործակցության համար։ Այս առումով հատկապես կարևոր է նշանագիտական դպրոցների փորձը։
Չորս ամառային դպրոցները (1964 թ., 1966 թ., 1968 թ., 1970 թ.) և մեկ ձմեռային դպրոցը (1974 թ.) վճռորոշ դեր ունեցան Տարտու–մոսկովյան նշանագիտական դպրոցի ձևավորման գործում։ Ժամանակի ընթացքում Տարտու–մոսկովյան նշանագիտական դպրոցի հետազոտողների պարբերական հանդիպումները, դադարելով լինել գիտական առանձին իրադարձություններ, վերածվեցին մտավոր կայուն ավանդույթ գեներացնողների։ Գործունեության այս տրամաբանությունը շարունակում է գործել նաև մեր օրերում, որի վկայությունն են Տարտուի ժամանակակից նշանագիտության ամառային դպրոցները։
Նշանագիտության վաղ աշնանային դպրոցը (Early Fall School of Semiotics, EFSS) գիտական երկխոսության ինստիտուցիոնալացման համանման մոդել է ներկայացնում Նոր բուլղարական համալսարանում։ Դպրոցը կազմակերպվում է 1995 թվականից և երեք տասնամյակի ընթացքում դարձել է Հարավարևելյան Եվրոպայի նշանագիտական հետազոտությունների կենտրոնի մշտական միջազգային հարթակը։ Կենտրոնը ղեկավարում է Նոր բուլղարական համալսարանի պրոֆեսոր Քրիստիան Բանկովը։
Ընթացիկ տարվա սեպտեմբերի 4–7-ը Սոզոպոլում կայացավ «Նշանագիտության XXX հոբելյանական վաղ աշնանային դպրոց» գիտաժողովը։ Գիտաժողովի առանցքային խնդիրը արհեստական բանականության դարաշրջանում սուբյեկտիվություն հասկացության վերաիմաստավորումն էր։ Քննարկումների կենտրոնում մարդու և արհեստական «Ես»-ի նշանագիտական մոդելներն էին, հեղինակության, ինտենցիոնալության և մեկնաբանության խնդիրները, ինչպես նաև մարդու կողմից վերապրվող և ԱԲ կողմից մոդելավորվող սուբյեկտիվության միջև եղած սահմանները։
Պրոֆեսոր Տիգրան Սիմյանը, մասնակցելով սուբյեկտիվության խնդրին նվիրված գիտաժողովի աշխատանքներին, հարցին անդրադարձել է հայկական էպոսի («Սասունցի Դավիթ») և հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների օրինակով։
Բուլղարիայում լինելու ընթացքում ԵՊՀ պրոֆեսորը կատարել է նաև դաշտային հետազոտություններ Բուլղարիայի ծովափնյա քաղաքներում՝ Վառնայում, Նեսեբրում, Պոմորիեում, Սոզոպոլում և Բուրգասում։ Հետազոտությունը կատարվել է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ (դրամաշնորհի թեմա՝ «Սասնա Ծռեր» էպոսը արվեստում և հասարակական-քաղաքական խոսույթում. հանրային հիշողություն, ինքնություն, տիպաբանություն և մուլտիմոդալություն, № 24SSAH-6B014)։





