ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ էր այցելել Սլովակիայի Սուրբ Կիրիլի և Մեթոդիոսի անվան համալսարանի զանգվածային հաղորդակցության ֆակուլտետի արվեստի հաղորդակցության ամբիոնի վարիչ Զորա Խուդիկովան և նույն համալսարանի Լեզվական հաղորդակցության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հանա Պրավդովան:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը ս.թ. հունիսի 10-ին ընդունեց Սլովակիայից ժամանած գործընկերներին: Հանդիպմանը ներկա էր Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ Տարոն Դանիելյանը, դեկանի օգնական Սաթեն Գրիգորյանը և «Journalist.am»-ի պատասխանատու խմբագիր Սահականուշ Պետրոսյանը:
Ն. Մարտիրոսյանը ներկայացրեց ֆակուլտետում դասավանդվող կրթական ծրագրերը, առկա հնարավորությունները և լրատվադաշտի հետ աշխատանքի հիմնական ուղղությունները: Հյուրերը, փաստելով, որ կրթագիտական գործունեության ոլորտում ընդհանրությունները շատ են, առաջարկեցին համագործակցության հնարավոր ուղիներ՝ որպես առաջնահերթություն դիտարկելով համատեղ մագիստրոսական ծրագրի ստեղծման գաղափարը:
Հանդիպումն ավարտվեց պատվիրակության՝ ֆակուլտետի հեռուստա-ռադիոստուդիաներում և համակարգչային լսարաններում կատարած շրջայցով: