«Հայ պարբերական մամուլը` որպես պատկերաբանական գործիք (19-րդ դարի երկրորդ կես-20-րդ դարասկիզբ)» թեմայով գիտական դրամաշնորհի շրջանակում գործնական այցով Տոմսկի պետական համալսարան էին մեկնել հետազոտական խմբի անդամներ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսներ Տարոն Դանիելյանը և Լիանա Մարտիրոսյանը։ Այցը նախատեսված էր ծրագրի պահանջներով և ուներ կարևոր նպատակներ։

«Համագործակցության այս ձևաչափը բավականին արդյունավետ է, քանի որ հնարավորություն է ընձեռում ուղիղ շփում հաստատելու ինչպես մեր գործընկերոջ, այնպես էլ այլ գիտնականների հետ: Դեմ առ դեմ ձևաչափը առավել շոշափելի արդյունքներ է տալիս: Կարևոր է հասկանալ՝ ինչ են ուզում խմբագիրները, ինչպես է զարգանում գիտությունը, քննարկել գիտաչափության խնդիրները... Այս ամենը հատկապես առավել պարզ են ներկայացնում հանդեսների խմբագիրները»,- ընդգծեց հետազոտական խմբի ղեկավար, Վանաձորի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Տարոն Դանիելյանը։
Այցի շրջանակում գիտական խմբի անդամները հանդիպեցին խմբի արտասահմանյան խորհրդատու, գործընկեր պրոֆեսոր Նատալյա Նիկոնովայի հետ։ Արդյունքում քննարկվեցին դրամաշնորհի շրջանակում նախատեսվող հետագա անելիքները, ինչպես նաև ամփոփվեցին արդեն իսկ կատարված աշխատանքները, դրանց արդյունքները։ Խմբի անդամները փաստեցին, որ մոտ ապագայում նախատեսվում է պատասխան այց Երևանի պետական համալսարան։
Արդեն իսկ ստեղծած համագործակցություններից զատ՝ գիտական խմբի անդամները կարևորում են գործընկերային նոր կապերի ձևավորումը, ինչն էլ հնարավորություն կտա ստեղծելու հետազոտական նոր ուղղություններ, մշակելու գիտական հաղորդակցության ժամանակակից մոտեցումներ, հաստատելու գործընկերային կապեր։

«Այսօրինակ գործուղումները նոր համագործակցությունների ձևավորման տեսանկյունից շատ կարևոր են։ Հենց դրանք էլ ժամանակակից գիտական և մեդիա միջավայրում դառնում են առաջընթացի հիմնական պայմաններից մեկը։ Այս համատեքստում մենք հանդիպում ունեցանք Տոմսկի պետական համալսարանի «Իմագոլոգիա և կոմպարատիվիստիկա» գիտական պարբերականի խմբագրական խորհրդի անդամների հետ (Բ․ Կիսելյով, Տ․ Դեմեշկինա, Ի․ Այզիկովա)։ Քննարկվեցին համագործակցության հնարավոր ուղղությունները, որոնց շնորհիվ պարբերականը հետագայում կարող է դառնալ հարթակ, որտեղ կտպագրվեն գիտական խմբի անդամների հոդվածները։ Ի դեպ, պարբերականն ընդգրկված է «Սկոպուս» գիտական շտեմարանների ցանկում, ինչը մեծ առավելություն է»,- շեշտեց բ․գ․թ․ Լիանա Մարտիրոսյանը։

Գործուղումը կարևոր էր նաև նրանով, որ խմբի անդամները հնարավորություն ունեցան մասնակցելու Տոմսկի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Լրագրությունը զարգացման մոդելների որոնումներում» խորագրով գիտական կոնֆերանսին, որի շրջանակում Տ․ Դանիելյանը և Լ․ Մարտիրոսյանը, ներկայացնելով Երևանի պետական համալսարանը, հանդես եկան զեկույցներով, որոնք առնչվում էին իմագոլոգիական տեքստերին հայ պարբերական մամուլում։
Հիշեցնենք, որ գործուղումն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում հետազոտություններ-2024» մրցույթում հաղթած «Հայ պարբերական մամուլը` որպես պատկերաբանական գործիք (19-րդ դարի երկրորդ կես-20-րդ դարասկիզբ)» թեմայով գիտական դրամաշնորհի շրջանակում։ Գիտական խմբի աշխատանքները մեկնարկել են 2024 թ․ հուլիսից։ Արդյունքում խմբի անդամներն արդեն իսկ ունեն մի շարք գիտական հոդվածներ՝ հրապարակված «Սկոպուս» գիտական շտեմարանում ընդգրկված գիտական ամսագրերում։