ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մեդիահետազոտությունների և նշանագիտության ամբիոնում տեղի ունեցավ Իննա Մերկուլովայի «ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրապարակումը արհեստական բանականության մասին․ սեմիոտիկ հայացք» խորագրով բաց դասախոսությունը, որը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրաֆիկական վեպի՝ «Արհեստական բանականության ներսում․ ալգորիթմական արկած» (Inside AI. An Algorithmic Adventure, UNESCO, 2022) վերլուծությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային նորմատիվ փաստաթղթերի հումանիտար և մեդիանշանագիտական չափումների քննարկմանը։
Իննա Մերկուլովան Մոսկվայի հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանի սեմիոտիկայի և մշակույթների երկխոսության միջազգային կենտրոնի ղեկավարն է, Լիմոժի համալսարանի լեզվաբանության դոկտոր, Ասիական միջազգային նշանագիտական ասոցիացիայի փոխնախագահ, ինչպես նաև Սորբոնի համալսարանի (Փարիզի համալսարան) «Իմաստ–տեքստ–ինֆորմատիկա–պատմություն» գիտահետազոտական լաբորատորիայի ասոցացված հետազոտող։
Դասախոսության ընթացքում բանախոսն առանձնահատուկ ուշադրություն դարձրեց արհեստական բանականության տեսողական պլանի, մեկնողական մոդելների և բարոյական կարգավորման խնդիրներին ժամանակակից մեդիատարածքում։
Դոկտոր Իննա Մերկուլովան արհեստական բանականությունը ներկայացրեց որպես մշակութային և նշանագիտական երևույթ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Դեպի արհեստական բանականություն» գրաֆիկական վեպի օրինակով, որը հրատարակվել է 2022–2023 թթ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո։ Վեպը իր բնույթով հումանիտար գիտելիքի նորարարական ձևաչափ է, որում համադրվել են տեսողական և լեզվական նարատիվներ։ Գրաֆիկական վեպը հասանելի է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և այլն։
Գրաֆիկական վեպը ուղղված է արհեստական բանականության ազդեցության գիտակցմանը մարդկային հասարակության վրա և առաջարկում է սեմիոտիկական մեկնաբանություն արհեստական բանականության նկատմամբ տարածված ստերեոտիպային վախի վերաբերյալ, որը մեկնաբանվում է որպես ուրիշի հանդեպ վախի դրսևորում։ Տեսողական և տեքստային նշանների միջոցով վեպը ներկայացնում է արհեստական բանականության տեխնոլոգիաների ներառման հնարավորությունը մշակութային երկխոսության մեջ՝ նպաստելով հասարակական անհանգստության նվազեցմանը և գաղափարական բևեռացման մեղմացմանը։
Նշենք, որ ուսանողների համար նախատեսված այս բաց դասախոսությունը կազմակերպվել էր բ․գ․դ․, պրոֆեսոր Տիգրան Սիմյանի նախաձեռնությամբ։



