Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում ս.թ. ապրիլի 17-ին տեղի է ունեցել գիտական սեմինար:
Զեկուցումով հանդես է եկել Պոմպեու Ֆաբրայի համալսարանից (Բարսելոնա) հրավիրված հետազոտող Ալբերտ Էլդուկեն: Պրոֆեսոր Էլդուկեն տեսողական մշակույթի, հիշողության հետազոտությունների և լրատվամիջոցների հետազոտող է։ Նրա գիտական հետաքրքրությունները մեծ ընդգրկում ունեն։
Սեմինարի ընթացքում ներկայացվել են միջգիտակարգային մոտեցումները միավորող միջազգային առանցքային հետազոտական նախագծեր՝ նշանագիտությունից և մշակութաբանությունից մինչև մեդիահաղորդակցության և թվային հումանիտար գիտություններում մշակված մեթոդներով: Ալբերտ Էլդուկեն հատուկ ուշադրություն է դարձրել COREM նախագծին (Կոլեկտիվ հիշողություն. երիտասարդների ներգրավումը կուրատորական պրակտիկայի միջոցով (Collective Remembrance: Engaging Youth Through Curatorial Practices), որի նպատակն է վերաիմաստավորել հավաքական հիշողությունը 11–16 տարեկան դեռահասների մասնակցության միջոցով և մշակել նոր կուրատորական պրակտիկա: Նախագիծը կենտրոնանում է 20-րդ դարի ցեղասպանությունների մասին պատմական գիտելիքների ձևավորման գործում երեխաների և մշակութային հաստատությունների՝ որպես ակտիվ մասնակիցների դերի վրա:
Ալբերտ Էլդուկեն ներկայացրել է նաև մեկ այլ հետազոտական նախագիծ, որը նվիրված էր սպորտում և մեդիայում տեսողական ներկայացումների վերլուծությանը, որտեղ ուսումնասիրվում են պատկերների, իշխանության և սոցիալական կառույցների միջև եղած կապերը կինոյի, ֆոտոլրագրության և արխիվային նյութերի միջոցով: Հետազոտական ծրագրի շրջանակում կիրառվել են վերլուծության ժամանակակից մեթոդներ, որոնց թվում՝ տեսողական նշանագիտության մոտեցումներ, քարտեզագրում և տվյալների մշակման թվային գործիքներ և այլն։ Բացի վերը նշված գիտահետազոտական ծրագրից՝ ներկայացվեց ևս մեկը: FUCAV կոչվող նախագիծը՝ «Ֆուտբոլը և տեսողական մշակույթը ֆրանկիզմի ժամանակաշրջանում», օգտագործում է մեթոդաբանությունների լայն շրջանակ՝ ներառյալ սպորտի սոցիոլոգիան, պատկերաբանությունը, աստղերի ուսումնասիրությունը, գենդերային հետազոտությունը և քննադատական տեսությունը:
Սեմինարը մեծ հետաքրքրություն է առաջացրել ֆակուլտետի դասախոսների և սովորողների շրջանում՝ դառնալով կարևոր հարթակ ժամանակակից հետազոտական մոտեցումների և միջազգային համագործակցության հնարավոր ուղղությունների քննարկման համար:
Կատալոնիայից ժամանած հյուրի ելույթից հետո սեմինարի շրջանակում ներկայացվել են նաև ամբիոնների վարիչներ, պրոֆեսորներ Դավիթ Պետրոսյանի և Տիգրան Սիմյանի, ինչպես նաև երկու ամբիոնների աշխատակիցների գիտական արդիական հրատարակությունները:

