Ընթացիկ ուսումնական տարվա հոկտեմբերի 10-ին Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում կազմակերպվեց Հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված պանելային քննարկում՝ «Հոգեկան առողջությունը թվային դարաշրջանում. իրական օգնությու՞ն, թե՞ վիրտուալ պատրանք» թեմայով։
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ա. Բաղդասարյանը, անդրադառնալով օրվա խորհրդին, իր ելույթում կարևորեց հոգեկան առողջության՝ որպես անհատի ընդհանուր բարեկեցության և հասարակության կայուն զարգացման կարևոր բաղադրիչի նշանակությանը՝ միաժամանակ ընդգծելով առողջության պահպանմանն ու ամրապնդմանը միտված նախաձեռնությունների կարևորությունը։
Այնուհետև ելույթ ունեցավ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հ. Ավանեսյանը՝ ներկայացնելով հոգեկան առողջության հիմնախնդրի գիտական և մասնագիտական նշանակությունը, ինչպես նաև դրա ուսումնասիրության արդիականությունը։
Միջոցառմանը ներկա էր նաև Ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Հրաչյա Հովհաննիսյանը, «ԱՊԱԳԱ» հոգեբանական կենտրոնի տնօրեն Արմեն Բեջանյանը, ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի ասիստենտ, հոգեբույժ Զառա Զախարյանը, Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի հետազոտությունների և զարգացման ղեկավար Նազելի Կիրակոսյանը և մոդերատոր Ստելլա Մնացականյանը։
Պանելային քննարկումը կազմակերպվել էր ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար՝ նպատակ ունենալով բարձրացնելու հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, խթանելու մասնագիտական երկխոսությունը և նպաստելու հոգեբանական խնդիրների շուրջ բաց ու կառուցողական քննարկումների ձևավորմանը։
Միջոցառման շրջանակում ուսանողները հնարավորություն ունեցան անանուն ներկայացնելու իրենց հուզող հարցերը՝ ուղղված հոգեբաններին։ Հանդիպման ավարտին կազմակերպված հարցուպատասխանի ընթացքում հնչեցին ուսանողների կողմից նախապես ներկայացված հարցերը․ մասնագետները հանդես եկան դրանց վերաբերյալ մասնագիտական պարզաբանումներով ու մեկնաբանություններով։
Նման ձևաչափով հանդիպումները կարևոր նշանակություն ունեն ուսանողների հոգեբանական իրազեկվածության բարձրացման, նրանց հուզող խնդիրների քննարկման և հոգեկան առողջության պահպանման ու ամրապնդման վերաբերյալ մասնագիտական գիտելիքների տարածման տեսանկյունից։