Անձի հոգեբանության ամբիոնի աշխատակիցները 2025 թ․ ամռան ամիսներին մասնակցեցին միջազգային մի շարք կարևոր գիտական միջոցառումների՝ ընդլայնելով միջազգային գործակցությունը, խորացնելով մասնագիտական իմացությունները, փորձի փոխանակմամբ հաղորդակցվելով ոլորտի նորարարություններին, ինչպես նաև նախանշելով համատեղ աշխատանքներ:
Նշանակալի ծրագրերից էր Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում անցկացված միջմշակութային հոգեբանության ոլորտում աշխարհում ամենամեծ համաժողովը, որը վերաբերում էր արժանապատվության, պատվասիրության և դեմքը չկորցնելու արժեքային կողմնորոշումներին։ ԵՊՀ անձ և սոցիալական միջավայր գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող Անի Գրիգորյանը հունիսի 20-ին բանավոր զեկույցով հանդես եկավ համաժողովում, որն աշխարհում նմանատիպ առաջին ամենամեծ հետազոտական նախագիծն էր, և ներկայացրեց գիտահետազոտական արդյունքներ։
Ուշագրավ էր նաև հունիսի 24-ից 30-ը «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում Անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.թ. դոցենտ Նարինե Խաչատրյանի աշխատանքային այցը Մեսսինայի համալսարան (Իտալիա)։ Մեկշաբաթյա այցի շրջանակում նա հանդիպումներ ունեցավ ոլորտի մի շարք մասնագետների, համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ՝ ծանոթանալով կրթական ծրագրերին առնչվող լոգիստիկ և բովանդակային հարցերին, ուսանողների հոգեբանական աջակցության կազմակերպման գործընթացին ու քննարկելով ընթացիկ համատեղ աշխատանքները:
Հոգեբանության 19-րդ եվրոպական կոնգրեսն այս տարի կրում էր «Փոխակերպելով հոգեբանական գիտությունը. 2030-ի օրակարգը» խորագիրը, որն անցկացվեց հուլիսի 1-4-ը Կիպրոսում։ «Հանրային գործընթացների հոգեբանական ուսումնասիրությունների» գիտական խմբի անդամներ Սոնա Մանուսյանը և Անի Պողոսյանը մասնակցեցին Կիպրոսի Պաֆոս քաղաքում տեղի ունեցած կոնգրեսին և հանդես եկան բանավոր զեկույցով ու պաստառային ներկայացմամբ, որոնք հիմնված էին «Պատկանելություն, ազդելու կարողություն և քաղաքացիական (չ)գործողություն. հետհեղափոխական և (հետ)պատերազմական Հայաստանում․ քաղաքացիության ըմբռնումը սոցիալ-հոգեբանական հայացքով» թեմայով դրամաշնորհային ծրագրի ընթացիկ որոշ արդյունքների վրա:
Միջազգային գիտաժողովներին ևս ամբիոնի աշխատակիցներն ակտիվ մասնակցություն ունեցան։
Ամբիոնի դասախոս Հասմիկ Հակոբյանը 2025 թ. օգոստոսի 24–29 Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում մասնակցեց «Անալիտիկական հոգեբանության XXIII միջազգային գիտաժողով»-ին, որը նվիրված էր Կառլ Գուստավ Յունգի ծննդյան 150-ամյակին։ Առողջության հոգեբանության եվրոպական ասոցիացիայի կողմից կազմակերպվող ամենամյա միջազգային 39-րդ գիտաժողովն այս տարի անցկացվեց օգոստոսի 26-29 Նիդեռլանդների Գրոնինգեն քաղաքում, որին մասնակցեց ամբիոնի ասիստենտ Աննա Հակոբջանյանը և հանդես եկավ պաստառային զեկույցով։ Այն ամփոփում էր այլընտրանքային բժշկության կիրառման մեջ սոցիալ-մշակութային ազդեցությունների, մասնավորապես՝ առողջությանն ուղղված համոզմունքների դերի բացահայտմանը միտված ուսումնասիրության որոշ արդյունքներ: