ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում հյուրընկալվեց Ֆորդհեմի համալսարանի դոկտոր, «Ամերիկյան վարքաբանական հոգեբանության» ասոցիացիայի անդամ, «Psi Chi» միջազգային հոգեբանական ասոցիացիայի խորհրդի խմբի անդամ Հարոլդ Թաքուշյանը (ԱՄՆ) և անցկացրեց դասախոսություն։
Հանդիպում-դասախոսությունը նախաձեռնեց Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հ. Մ. Ավանեսյանը «Հոգեբանության պատմություն» դասընթացի շրջանակում։ Դոկտոր Հ. Թաքուշյանը հանդես եկավ հոգեբանության պատմության ուսումնասիրություններով և ուսանողներին ներկայացրեց հոգեբանության առաջին գիտաժողովների, կոնգրեսի, հոգեբանության աշխարհագրական տարածվածության մասին մասնագիտական տեղեկություններ։ Բանախոսն առանձնահատուկ կարևորեց ուսանողների գիտական ակտիվությունը՝ անդրադառնալով «Psi Chi International Honor Society in Psychology» կազմակերպությանը և մատնանշելով, որ այն ստեղծվել է երկու ակտիվ ուսանողների նախաձեռնությամբ։
Հ. Թաքուշյանը և Ընդհանուր հոգեբանության ամբիոնի դասախոս Դ. Սարգսյանն ուսանողներին ներկայացրին նաև «Psi Chi International Honor Society in Psychology» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը՝ «YSU Psi Chi Chapter»-ը, որը Հ. Մ. Ավանեսյանի ղեկավարությամբ գործում է արդեն 5 տարի։ Հանդիպման ընթացքում մասնաճյուղի պատասխանատու Դ. Սարգսյանը պարգևատրվեց ցուցաբերած ակտիվության և ծավալած գործունեության համար։
Ավարտին ուսանողները քննարկեցին հոգեբանության պատմության հետաքրքիր հարցեր, փոխանակեցին անհրաժեշտ տեղեկություններ՝ հետագա համագործակցությունն է՛լ ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։