ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի ունեցավ «Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ոլորտում արդի փոխակերպումները» թեմայով գիտագործնական եռափուլ սեմինար, որին մասնակցեց նաև հոգեբանության դոկտոր Հայկ Պետրոսյանը (Գերմանիա):
Սեմինարի առաջին փուլում հեղինակը ներկայացրեց ժամանակակից հոգեթերապիայի սկզբունքների և դիրքորոշումների վերաբերյալ տեսական գիտելիքներ։ Հագեցած մասնագիտական քննարկմանը հնչեցին հարցադրումներ՝ ժամանակակից հոգեթերապևտի դերին, գործառույթներին և մեթոդներին վերաբերող։
Սեմինարի գործնական փուլում մասնակիցներն աշխատեցին փոքր խմբերում՝ ծանոթանալով հեղինակի մշակած հոգեթերապևտիկ արդյունավետ տեխնիկաներին։
Սեմինարին ներկա էին ամբիոնի պրոֆեսորադասախոսական համակազմը, «Կառավարման հոգեբանություն» մագիստրոսական կրթական ծրագրի, ինչպես նաև «Psi Chi» միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի՝ «Psi Chi YSU Armenia»-ի ուսանողները։
Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը նշեց, որ նմանատիպ միջոցառումները կարևոր են մասնագետների վերապատրաստման, նոր գիտելիքներ ձեռք բերելու և անհրաժեշտ հմտություններ զարգացնելու տեսանկյուններից։ Ուսանողների համար նմանօրինակ միջոցառումները կարևոր են միջազգային փորձին ծանոթանալու և հաղորդակցվելու տեսանկյուններից:



