Ընթացիկ տարվա օգոստոսի 25-ին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ է այցելել հոգեբանական գիտության և կրթության ոլորտում միջազգային հեղինակություն ունեցող Տրենտոյի համալսարանի (Իտալիա) հոգեբանների պատվիրակությունը:
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հ․գ․դ․, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը, ընդգծելով համագործակցության կարևորությունը, նշեց, որ նմանօրինակ հանդիպումները կարևոր են համալսարանների միջև կայուն գործնական հարաբերությունների ձևավորման, փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների մշակման տեսանկյունից։ Նրա խոսքով՝ միջազգային համագործակցության շարունակական ընդլայնումը ֆակուլտետի առաջնահերթություններից է, քանի որ այն նպաստում է բաց, համագործակցային և գիտելիքի փոխանակման վրա հիմնված ակադեմիական միջավայրի ձևավորմանը։
Երկկողմ համագործակցության շրջանակում նախատեսվում են հետազոտական աշխատանքներ ճանաչողական և սոցիալական նյարդահոգեբանության, արհեստական բանականության, թվային հոգեկան առողջության և մարդու հոգեկան բարեկեցության ոլորտներում:
Պրոֆեսոր Հ․ Ավանեսյանը Տրենտոյի համալսարանի գործընկերներին հրավիրեց մասնակցելու «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովին, որը կկայանա 2027 թվականին:
Հանդիպման շրջանակում հյուրերը շրջայց կատարեցին նաև հոգեկան առողջության, հոգեբանական բարեկեցության և անվտանգության ոլորտներում արդիական մեթոդներով բազմափուլ հոգեբանական հետազոտություններ իրականացնող ԵՊՀ հոգեբանության գիտահետազոտական կենտրոնում: