Ռուս բանասիրության ֆակուլտետում համալսարանական կյանքի հետ առաջին ծանոթությունն անցավ աշխույժ և ջերմ մթնոլորտում։ Ուսանողները ծանոթացան ֆակուլտետի կառուցվածքին, ուսումնական գործընթացի կազմակերպմանը, կրթական հնարավորություններին և ուսանողական ակտիվության տարբեր ուղղություններին։
Առաջինկուրսեցիներին ողջունեցին Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Դիանա Գազարովան, Ռուս լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցության տեսության ամբիոնի վարիչ Ռուզաննա Գրձելյանը և Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Նաիրա Մարտիրյանը։
Դասախոսները շնորհավորեցին ուսանողներին կյանքի նոր փուլի մեկնարկի կապակցությամբ և մաղթեցին նրանց չվախենալ նոր մարտահրավերներից, համարձակորեն բացահայտել համալսարանի ընձեռած հնարավորությունները, գտնել համախոհներ և պահպանել գիտելիքի նկատմամբ հետաքրքրությունը։ Առանձնահատուկ էին առաջինկուրսեցիներին հղված մաղթանքները. որպես ապագա բանասերներ՝ սիրել ռուսերենը, ուշադիր վերաբերվել բառին, չվախենալ հարցեր տալուց և միշտ ձգտել ավելին իմանալու։
Ավելի վաղ ֆակուլտետում անցկացվել էր «Իրազեկում – 2026» ծրագիրը։ Ծրագրի շրջանակում առաջինկուրսեցիները տեղեկացան համալսարանի կառուցվածքի, իրենց իրավունքների և պարտականությունների, կրթական և գնահատման համակարգերի առանձնահատկությունների, ինչպես նաև ԵՊՀ-ում ուսանողներին ընձեռվող հնարավորությունների մասին։
Հանդիպումը կարևոր հնարավորություն էր առաջինկուրսեցիների համար՝ իրազեկվելու ուսումնական գործընթացին վերաբերող անհրաժեշտ տեղեկությունների մասին, կրթական նոր շրջափուլում առաջին քայլերն անելու, ինչպես նաև ծանոթանալու համալսարանին, ֆակուլտետին և միմյանց հետ։








