Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Լիա Գրիգորյանը ընթացիկ տարվա հուլիսին մասնակցել է «Ամառային համալսարան–2026» միջազգային կրթական ծրագրին, որն անցկացվել է Ռուսաստանի առաջին նախագահ Բ. Ն. Ելցինի անվան Ուրալի դաշնային համալսարանում (ՌԴ, Եկատերինբուրգ)։
ԵՊՀ ուսանողը երկու շաբաթվա ընթացքում մասնակցել է «Կայունություն և զարգացում․ նոր աշխարհի դիվանագիտություն» խորագրով դասընթացին՝ հագեցած դասախոսություններով, ուսումնական պարապմունքներով և քննարկումներով՝ նվիրված ժամանակակից աշխարհի արդիական խնդիրներին, միջազգային համագործակցությանը և դիվանագիտությանը։
Ծրագրի կարևոր բաղադրիչներից էր նաև Եկատերինբուրգի, ինչպես նաև Ռուսաստանի պատմության ու մշակույթի հետ ծանոթությունը։ Ռուսաց լեզու և գրականություն ուսումնասիրող ապագա բանասերը հատկապես տպավորվել է «Храм на Крови» եկեղեցի-հուշարձան և Գանինա Յամայի վանական համալիր կատարած այցելություններով:
«Եկեղեցի-հուշարձան և Գանինա Յամա համալիր այցելությունը հնարավորություն տվեց ինձ նոր տեսանկյունից դիտարկելու Ռոմանովների տոհմի պատմությունն ու Ռուսաստանի վերջին կայսերական ընտանիքի ողբերգական իրադարձությունները»,- ընդգծեց Լ. Գրիգորյանը:
Մեկտեղելով տարբեր երկրներից ժամանած մասնակիցներին՝ «Ամառային համալսարանը» հնարավորություն է ընձեռել ծանոթանալու միմյանց մշակույթներին ու ավանդույթներին՝ կրթական ծրագրի շնորհիվ ստեղծելով յուրահատուկ հարթակ՝ փորձի փոխանակման, ինչպես նաև սեփական երկրների ներկայացման համար։
«Հենց մասնակիցների բազմազանությունն էր, որ ծրագիրն առավել հետաքրքիր դարձրեց։ Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու արդիական հարցեր՝ սովորական թեմաներին նայելով տարբեր տեսանկյուններից»,- նշեց ուսանողուհին։
Միջազգային կրթական ծրագրերին մասնակցությունը ուսանողների համար բացում է նոր հնարավորություններ ինչպես մասնագիտական զարգացման, այնպես էլ աշխարհայացքի ընդլայնման և միջազգային հաղորդակցության արժեքավոր փորձ ձեռք բերելու տեսանկյուններից:

