Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Արևիկ Սահակյանը մասնակցել է միջազգային կրթական «Ամառային համալսարան–2026» ծրագրին, որն անցկացվել է հուլիսի 6–19 Սիբիրի դաշնային համալսարանի (Կրասնոյարսկ) հենքի վրա։
Ծրագիրը, միավորելով կրթական, նախագծային, մշակութային և մարզական բաղադրիչներ, երիտասարդներին հնարավորություն է ընձեռել ձեռք բերելու նոր գիտելիքներ, ինչպես նաև միջազգային հաղորդակցության փորձ:
Երկու շաբաթվա ընթացքում արտասահմանյան բուհերի ուսանողների համար կազմակերպվել են դասախոսություններ, սեմինարներ և գործնական պարապմունքներ: Մասնակիցներն աշխատել են նախագծային առաջադրանքների շուրջ և ծանոթացել զբոսաշրջության ոլորտի զարգացման ժամանակակից մոտեցումներին։ ԵՊՀ ուսանողուհի Ա. Սահակյանն ընտրել է «Նորարարական լուծումների նախագծում զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում» ուղղությունը։
Ծրագրի շրջանակում ուսանողները համատեղ լուծել են գործնական խնդիրներ, փոխանակվել գաղափարներով, փորձով, սովորել աշխատել բազմազգ միջավայրում և ներկայացնել սեփական լուծումները։ Ուսումնառությունից բացի՝ նրանք հնարավորություն են ստացել մասնակցելու մարզական և ստեղծագործական միջոցառումների, ծանոթանալու Կրասնոյարսկին և Սիբիրին՝ այցելելով մշակութային ու պատմական վայրեր։ Ուսուցման և ոչ ֆորմալ հաղորդակցության այս համադրությունը տարբեր երկրներից ժամանած ուսանողներին հնարավորություն է տվել ճանաչելու միմյանց և տարածաշրջանի մշակույթը։
««Ամառային համալսարանին» մասնակցությունը հնարավորություն տվեց ընդլայնելու մասնագիտական աշխարհայացքս, ձեռք բերելու միջազգային նոր փորձ, ինչպես նաև ծանոթանալու զբոսաշրջության և հյուրընկալության զարգացման ժամանակակից ուղղություններին»,- նշեց ԵՊՀ ուսանողուհի Ա. Սահակյանը՝ ընդգծելով նաև, որ ծրագրի ավարտին ստացել է մասնակցության վկայական։
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողների մասնակցությունը միջազգային կրթական ծրագրերին աստիճանաբար դառնում է համալսարանական կյանքի կարևոր բաղադրիչ՝ երիտասարդների առջև բացելով ակադեմիական, մասնագիտական և մշակութային նոր հնարավորություններ։





