Ռուս գրականության ամբիոնի նախաձեռնությամբ ԵՊՀ ռուսական կենտրոնում կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին: Քննարկմանը մասնակցեցին Ռուս բանասիրության ֆակուլտետի դասախոսներ, ուսանողներ:
Միջոցառման սկսվեց ԵՊՀ ռուս գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ, Աշխեն Աթանեսյանի բացման խոսքով: Ողջունելով ներկաներին՝ նա կարևորեց դասախոսների և ուսանողների համար կազմակերպվող նմանատիպ համատեղ քննարկումները:
Ռուս գրականության ամբիոնի ասպիրանտ Կոնստանտին Շաքարյանը ներկայացրեց պատերազմական պոեզիայի ներկայացուցիչներին նվիրված ժամանակակից մատենաշարը, նոր հրատարակությունները, այդ թվում՝ իր մասնակցությամբ լույս տեսած Իլյա Սելվինսկու ժողովածուն: Կլոր սեղանի ընթացքում ռուս գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Լևոն Հակոբյանն անդրադարձավ պատերազմական պոեզիայի առանձնահատկություններին: Նույն ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Էդգար Արշակյանը խոսեց Անդրեյ Վոզնեսենսկու «Գոյա» բանաստեղծության մեջ պատերազմական սարսափելի տեսարանների պատկերման մասին:
Հետայդու զեկուցումներով հանդես եկան նաև ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողները՝ ներկայացնելով պատերազմին նվիրված հայտնի երգերի ստեղծագործական պատմությունները և գեղարվեստական յուրահատկությունները:
Միջոցառմանը մասնակցում էր նաև ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի իտալացի ուսանողը. նա ներկայացրեց իտալական պարտիզանական երգերի պատմությունը:
Քննարկման ավարտին Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Դիանա Գազարովան ներդրած ջանքերի համար շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, մասնակից դասախոսներին և ուսանողներին:
ԵՊՀ ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանն իր հերթին ընդգծեց նմանօրինակ միջոցառումների և Ռուսական կենտրոնի ու Ռուս բանասիրության ֆակուլտետի միջև շարունակական համագործակցության կարևորությունը: