Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի (ՀՀ-ում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչություն) աջակցությամբ ս․թ․ հուլիսի 28-ից օգոստոսի 10 Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետի գրասենյակի աշխատակից Մարինե Թարվերդյանը մասնակցել է «Ամառային ինստիտուտ» միջազգային կրթական նախագծին՝ ուղղված միջազգային համագործակցության զարգացմանը և երիտասարդ մասնագետների որակավորման բարձրացմանը:
«Ամառային ինստիտուտ» նախագիծը Պսկովի պետական համալսարանում համախմբել է Հայաստանի, Աբխազիայի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի 16 համալսարանների երիտասարդ բանասերների:
Նախագծի նպատակն էր հումանիտար գիտությունների, առաջին հերթին՝ բանասիրական գիտությունների բնագավառում կրթական, հետազոտական և նախագծային համագործակցության հաստատումն ու զարգացումը ռուս հետազոտողների և արտասահմանցի գործընկերների միջև: 14-օրյա ծրագիրը ներառում էր կրթական բաղադրիչ, դասախոսների որակավորման բարձրացում և գործընկեր բուհերում ստաժավորում:
Ինտենսիվ դասընթացի շրջանակում երիտասարդ մասնագետները մասնակցել են դասախոսությունների, վարպետության դասերի, ուսումնական էքսկուրսիաների, ինտերակտիվ սեմինարների և կլոր սեղան-քննարկումների: Կազմակերպվել են գիտակրթական երեք պրակտիկաներ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Պսկովում, ինչը հնարավորություն է տվել մասնակիցներին ծանոթանալու Ռուսաստանի ժամանակակից կրթական պրակտիկային և մշակութային ժառանգությանը:
Ստաժավորումն անցել է Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանում, Ա. Ի. Հերցենի անվան Ռուսաստանի պետական մանկավարժական համալսարանում, նաև Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտում: Մասնակիցները ծանոթացել են նաև Տակտիլ հաղորդակցության հետազոտությունների լաբորատորիայի և Ճանաչողական և լեզվաբանական հետազոտությունների լաբորատորիայի գործունեությանը:
Հատուկ ուշադրություն է դարձվել էքսկուրսիաներին դեպի Նևսկի պրոսպեկտ, Մոսկվայի հաղթանակի դարպասներ, Արվեստի հրապարակ, Արյան վրա Փրկչի տաճար (Храм Спаса на Крови), Կազանի տաճար, Մարիինյան պալատ և Սուրբ Իսահակի տաճար։ Մոսկվայում մասնակիցներն այցելել են Կարմիր հրապարակ, Վորոբյովի Գորի, Սոֆիայի առափ և Մոսֆիլմովսկայա փողոց՝ համատեղելով ծանոթությունը մշակութային ժառանգության և ժամանակակից տեսարժան վայրերի հետ:
Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետի գրասենյակի աշխատակից Մարինե Թարվերդյանը, ընդգծելով «Ամառային ինստիտուտ» ծրագրի կազմակերպման բարձր մակարդակը, ասաց. «Մասնակցությունն այս ծրագրին հնարավորություն էր՝ խորասուզվելու միջազգային ակադեմիական համագործակցության մթնոլորտում, ծանոթանալու ռուսաց լեզվի դասավանդման նոր մեթոդներին և ձեռք բերելու նոր ընկերներ տարբեր երկրներից: Նախագիծը հսկայական փորձ տվեց։ Հագեցած դասախոսություններ, վարպետության դասեր, էքսկուրսիաներ և պրակտիկա․ այս ամենը հնարավորություն տվեց տեսնելու, թե ինչպես է ապրում երկրի ժամանակակից գիտական և կրթական միջավայրը»: