Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետի յոթ ուսանողներ պրոֆեսոր Լիաննա Մաթևոսյանի ուղեկցությամբ մասնակցել են ՌԴ Կրասնոյարսկ քաղաքում կազմակերպված ամառային երկշաբաթյա դպրոցին:
Ծրագրի ընթացքում ուսանողները փորձառություն ձեռք բերելու հնարավորություն ունեցան Ռուսաստանի Դաշնության լավագույն 15 համալսարաններից մեկում՝ Սիբիրի դաշնային համալսարանում: Մասնակիցները ամառային դպրոցի շրջանակում ոչ միայն լսեցին հետաքրքիր դասախոսություններ ու մասնակցեցին ինտերակտիվ սեմինարների, այլև բացահայտեցին մշակութային նոր միջավայր, ձեռք բերեցին նոր գիտելիքներ ու փորձ:
Երկշաբաթյա ծրագրի շրջանակում ուսանողները լեզվակիր միջավայրում կատարելագործեցին ռուսաց լեզվի իմացությունը՝ զարգացնելով բանավոր և գրավոր հաղորդակցման հմտությունները:
«Մասնագիտական զարգացումից զատ՝ մենք Հայաստան բերեցինք անգնահատելի փորձառություն, գեղեցիկ հիշողություններ ու ոգեշնչում՝ հետագա ուսումնառության և մասնագիտական ճանապարհի համար»,- ընդգծեց 4-րդ կուրսի ուսանողուհի Մանե Մկրտչյանը։
4-րդ կուրսի ուսանողուհի Միլենա Ղանդիլյանն էլ ընդգծեց. «Տարբեր երկրներից ժամանած ուսանողների հետ ծանոթությունները վերածվեցին անկեղծ բարեկամության, որը, վստահ եմ, կշարունակվի նաև ամառային դպրոցի ավարտից հետո»:
«Երկշաբաթյա ամառային դպրոցը մեզ համար դարձավ նոր ընկերությունների, նոր հմտությունների ու հրաշալի հիշողությունների մի շրջափուլ: Համոզված եմ, որ նման ծրագրերը ոչ միայն նոր գիտելիքների ձեռքբերման հարթակ են, այլև փորձի փոխանակման լավագույն հնարավորություններ»,- իր հերթին նշեց 4-րդ կուրսի ուսանողուհի Լիա Գրիգորյանը։
Հավելենք, որ այսօրինակ ամառային դպրոցները ապագա մասնագետներին հնարավորություն են ընձեռում ոչ միայն կատարելագործվելու, այլև գիտակրթական նոր կապեր հաստատելու մասնագիտական բնագավառի ներկայացուցիչների հետ: