«Yerevan-book-fest» երևանյան միջազգային փառատոնի շրջանակում ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում հյուրընկալվեց «Литературная газета» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մաքսիմ Զամշևը։
Ս․թ․ սեպտեմբերի 5-7-ը Երևանում անցկացվեց արդեն ավանդական դարձած «Yerevan-book-fest» երևանյան միջազգային փառատոնը, որին այս տարի մասնակցել են հայտնի գրողներ Ռուսաստանից, Վրաստանից, Սլովենիայից և Իտալիայից: Հյուրերի թվում էր հայտնի բանաստեղծ, գրող, բազմաթիվ բանաստեղծական ժողովածուների հեղինակ, «Литературная газета» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մաքսիմ Զամշևը:
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ղեկավարության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը վարեց Ռուս բանասիրության ֆակուլտետի ասպիրանտ, բանաստեղծ, թարգմանիչ Կոնստանտին Շաքարյանը: Ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար կազմակերպված միջոցառմանը Մաքսիմ Զամշևը խոսեց այն մասին, թե ինչպես է ինքը սկսել բանաստեղծություններ գրել, և ինչպես է իրեն այդ հարցում օգնել երաժշտական կրթությունը: Այնուհետև նա ընթերցեց իր սիրելի բանաստեղծություններից մի քանիսը «Незаживающее» վերնագրով ժողովածուից: Իր բանաստեղծություններից ընթերցեց նաև Կոնստանտին Շաքարյանը:
Միջոցառման մասնակիցները հարցեր ուղղեցին ռուս մտավորականության երբեմնի առաջատար մարմնի՝ «Литературная газета»-ի հանրաճանաչության, Ռուսաստանում տիրող իրավիճակի, Արծաթե դարաշրջանի բանաստեղծների մասին:
Խոսելով միջոցառման կարևորության մասին՝ ֆակուլտետի ուսանողները նշեցին, որ հանդիպումը երկար կհիշվի և կմեծացնի ուսանողների հետաքրքրությունը ժամանակակից ռուսական պոեզիայի նկատմամբ: