«Էրազմուս+» շարժունության ծրագրի շրջանակում ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան, բ․գ․թ․, դոցենտ Դիանա Գազարովան հոկեմբերի 6-12-ը այցելել է Չեխիայի Օլոմոուց և Բռնո քաղաքներ։ Այցելության ընթացքում նա բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար «Իշխանության լեզուն և լեզվի իշխանություն․ լեզվաքաղաքագիտություն», «Ռուսերենը՝ որպես օտար լեզու ԵՊՀ-ում․ ծրագրերն ու մեթոդիկան», «Դերանունները՝ որպես գնահատականի միջոց», «Սերգեյ Դովլաթով․ ռուս էմիգրացիայի լեզուն» թեմաներով դասախոսություններ է կարդացել Պալացկու համալսարանում։
Դասախոսությունների շրջանակում ուսանողներին են ներկայացվել նաև ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում գործող կրթական ծրագրերը` նախատեսված օտարերկրյա ուսանողների համար, ինչպես նաև ռուսերենի՝ որպես օտար լեզվի կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը։
Այցելության նպատակը միայն դասախոսությունների կազմակերպումը չէր․ հաշվի առնելով այն, որ այս կիսամյակ Ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողները առաջին անգամ են մասնակցում «Էրազմուս+» ծրագրին, որի շրջանակում էլ մեկնել են Չեխիա՝ Պալացկու համալսարանում սովորելու, ապա այցի նպատակն էր նաև ծանոթանալ Պալացկու համալսարանի «Սլավոնագիտություն» կրթական ծրագրի բովանդակությանը, ժամերի և կրեդիտների բաշխմանը։
«Անցյալ տարվա ընթացքում Չեխիայի գործընկերների հետ մենք բանակցությունների փուլում էինք, նախապատրաստական աշխատանքներ էինք կատարում՝ մեր ուսանողներին այս ծրագրին մասնակցելու հնարավորություն ընձեռելու նպատակով։ ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության արագ և գրագետ աշխատանքի շնորհիվ այս կիսամյակ մեր ֆակուլտետի 2 ուսանող արդեն իսկ սովորում են Պալացկու համալսարանում»,- նշեց Դիանա Գազարովան։
Գործուղման ընթացքում ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն` համագործակցության հնարավորությունների վերաբերյալ ԵՊՀ և Պալացկու համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար։ Քննարկվել են 2025/2026 ուստարվա II կիսամյակում Պալացկու համալսարանի դասախոսների այցի կազմակերպման հետ կապված հարցերը, ընտրվել դասախոսությունների թեմաները։
Հավելենք, որ Բռնո կատարած այցի ժամանակ Մասարիկի համալսարանի լեզվի կենտրոնի ղեկավարության և դասախոսների հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղիներ (ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասընթացների կազմակերպման վերաբերյալ, ինչպես նաև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում)։
 
 
         
         
         
        



 
          