Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետում ս.թ. հոկտեմբերի 27-31-ը տեղի են ունեցել դասախոսների որակավորման բարձրացման դասընթացներ՝ «Ռուսաց լեզվի՝ որպես օտար լեզվի դասավանդման մեթոդիկան լեզվական միջավայրի բացակայության պայմաններում» խորագրով:
Ծրագրին մասնակցել են ֆակուլտետի 30 դասախոսներ, ինչպես նաև մագիստրանտներ և ֆակուլտետի շրջանավարտներ, որոնք արդեն աշխատում են դպրոցներում: Վերջիններս ձեռք բերած գիտելիքները կկարողանան կիրառել իրենց մանկավարժական գործունեության ընթացքում:
Դասընթացները կազմակերպվել են ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Դիանա Գազարովայի, Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի և Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի՝ Ռուսաստանի առաջատար բուհերից մեկի համատեղ նախաձեռնությամբ: Ի դեպ, բուհն ամենահայտնիներից է ռուսաց լեզուն՝ որպես օտար լեզու դասավանդելու մեթոդաբանության ոլորտում:
Ծրագիրը կազմակերպվել է երկու ձևաչափով՝ առցանց (առաջին շաբաթը) և անցանց (երկրորդ շաբաթը): ԵՊՀ բազայի հիման վրա կազմակերպված դասընթացն ընդգրկել է ժամանակակից ռուսաց լեզվի ակտիվ գործընթացներ, ռուսաց լեզվի՝ որպես օտար լեզվի ընդհանուր տիրապետման վերաբերյալ նոր դասագրքերի և ձեռնարկների ուսումնասիրություն, հաղորդակցական և սոցիալ-մշակութային իրավասությունների զարգացման խաղային մեթոդների ուսուցում:
Դասընթացավարն էր Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի բանասիրական ֆակուլտետի ընդհանուր և ռուսաց լեզվաբանության ամբիոնի դոցենտ Ելենա Սմոլին:
«Գործընկերներս ինձ ապշեցրել են իրենց պատրաստվածության ամենաբարձր մակարդակով։ Նրանք իսկական մասնագետներ են, որոնք հիանալի հասկանում են իրենց աշխատանքը, շատ հարցեր են տալիս և անկեղծ հետաքրքրություն ցուցաբերում մեր հանդիպումների թեմաների նկատմամբ»,- ընդգծեց նա:
Դասընթացները կազմակերպվել են ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի հետ համատեղ և կարևոր քայլ են Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի և Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի միջև համագործակցության զարգացման գործում:






