Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետում ս.թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ «Երկլեզվությունը ժամանակակից աշխարհում» թեմայով կլոր սեղան-քննարկում:
Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցում էին ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դասախոսներ, մագիստրանտներ և ուսանողներ, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի այլ բուհերի ներկայացուցիչներ: Միջոցառման նպատակն էր քննարկել երկլեզվության դերը ժամանակակից հասարակության մեջ հոգելեզվաբանական, մշակութային և սոցիալական տեսանկյուններից: Միջոցառումն անցկացվել է առկա և առցանց ձևաչափերով։
Կլոր սեղանի առաջին մասը նվիրված էր դասախոսների ելույթներին: Զեկուցումներով հանդես եկան ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցության տեսության ամբիոնի և Հ․ Թումանյանի անվան Վանաձորի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները։ Ուշադրության կենտրոնում էին լեզվի և մտածողության փոխհարաբերությունները, երկլեզվության և մտածողության խնդիրը հոգելեզվաբանության և կոգնիտիվիստիկայի համատեքստում, խոսողի ճանաչողական ճկունության հարցերը և մի լեզվից մյուսն անցնելու արագությունը:
Միջոցառման երկրորդ մասում զեկուցումներով հանդես եկան այն ուսանողները, որոնց աշխատանքներն ընդգրկում էին հարցերի լայն շրջանակ՝ հոգելեզվաբանությունից մինչև սոցիոլեզվաբանություն: Ուսանողների հետազոտության թեմաները ներառում էին երկլեզվության ազդեցությունը մտածողության վրա, հասարակության մեջ երկլեզվության գործունեության առանձնահատկությունները, երեխաների երկլեզվությունը և խոսքի զարգացումը:





