ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ նվիրված Նոբելյան մրցանակակիր, 20-րդ դարի ամենաազդեցիկ ռուս բանաստեղծներից մեկի՝ Իոսիֆ Բրոդսկու ծննդյան 85-ամյակին:
«Մարդը այն է, ինչ նա կարդում է»․ Բրոդսկու այս արտահայտությունը առավել հստակ արտացոլում է նրա վերաբերմունքը մշակույթի, ընթերցանության և անձնական զարգացման նկատմամբ։ Կլոր սեղան-քննարկումը համախմբեց դասախոսներին, շրջանավարտներին և ուսանողներին, որոնք վերարժևորեցին բանաստեղծի պոետիկայի առանձնահատկություններն ու մշակութային լայն կապերը։
Ռուս գրականության ամբիոնի (մասնավորապես՝ դոցենտ Վերա Ադամյանի և ասիստենտ Էդգար Արշակյանի) նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման շրջանակում բանախոսները ներկայացրին Բրոդսկու ստեղծագործության բազմաչափ վերլուծությունը, խոսեցին նրա կենսագրության և ստեղծագործական ուղու առանցքային փուլերի մասին, քննարկեցին նրա պոեզիայում շարահյուսական փոխանցման երևույթը, ուսումնասիրեցին Պուշկինի ստեղծագործության ակնարկները՝ հյուսված Բրոդսկու տեքստերում, ուսումնասիրեցին Դոստոևսկու «ստորգետնյա մարդու» կերպարը, որը դրսևորվում է բանաստեղծի վաղ շրջանի բանաստեղծություններում:
Ռուս գրականության ամբիոնի դոցենտ Ռուզաննա Տեր-Գրիգորյանն իր զեկուցման շրջանակում խոսեց Հայաստանի հետ Բրոդսկու մշակութային կապերի և նրա ստեղծագործությունների հայերեն թարգմանությունների մասին՝ ընդգծելով, որ բանաստեղծի՝ Հայաստան կատարած այցերը խոր հետք են թողել նրա էսսեների և աշխարհընկալման վրա:
Ֆակուլտետի շրջանավարտ Աննա Պողոսյան ներկայացրեց Բրոդսկու էսսեների վերլուծությունը՝ մատնանշելով դրանց փիլիսոփայական արտահայտչականությունն ու արդիականությունը ժամանակակից հումանիտար գիտելիքների համար:
Միջոցառման մասնակիցների թվում էին բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները: Նրանք հարցեր ուղղեցին, մասնակցեցին քննարկումներին, կիսվեցին իրենց կարդացած ստեղծագործություններից ստացած տպավորություններով: Քննարկումը ցույց տվեց, որ Բրոդսկու գրական ժառանգությունը շարունակում է մեծ հետաքրքրություն առաջացնել երիտասարդների շրջանում և նպաստում է վերլուծական ու քննադատական մտածողության զարգացմանը:
Կլոր սեղան-քննարկումը դարձավ Բրոդսկու գրական ժառանգության քննարկման կարևոր հարթակ և ապացուցեց, որ նրա ստեղծագործությունները մնում են արդիական, ոգեշնչող եւ իմաստալից մինչ օրս։



