ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողները ս.թ. դեկտեմբերի 5-ին դեկան Դիանա Գազարովայի գլխավորությամբ այցելեցին Արարատի մարզի Դալար գյուղի միջնակարգ դպրոց՝ մասնագիտական կողմնորոշման հանդիպման:
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկանի նախաձեռնությամբ կազմակերպվող պարբերական այցերը դեպի Հայաստանի մարզեր դպրոցականների համար դասեր վարելու, վիկտորինաներ անցկացնելու նպատակ են հետապնդում: Հերթական կանգառն այս անգամ Դալար գյուղի դպրոցն էր. դպրոցի երեք շրջանավարտ այժմ ֆակուլտետի ուսանող են:
Հանդիպումը մեկնարկեց ֆակուլտետի դեկան Դ. Գազարովայի ողջույնի խոսքով: Հետայդու նա ներկայացրեց Ռուս բանասիրության ֆակուլտետի կրթական ծրագրերը, ուսանողներին ընձեռած հնարավորություններն ու մասնագիտական զարգացման հեռանկարները: Աշակերտները դիտեցին նաև այս ամենի մասին պատմող հոլովակ:
Ֆակուլտետի դեկանը դպրոցականների համար անցկացրեց ինտերակտիվ դաս, որի ընթացքում ներկայացրեց ռուսաց լեզվի արդի վիճակը, լեզվում կատարվող փոփոխությունները, որոնք տեղի են ունենում թվային տեխնոլոգիաների և համացանցի զարգացմանը զուգընթաց:
Դպրոցականները, ակտիվ մասնակցելով դասին, արտահայտեցին առցանց հաղորդակցության վերաբերյալ կարծիքներ, ներկայացրին համացանցային շփման շրջանակում կիրառվող բառապաշարի հաճախադեպ բառեր ու արտահայտություններ:
Այնուհետև ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Անի Հովհաննիսյանը ուսանող ընկերների հետ անցկացրեց վիկտորինա՝ նվիրված ռուսաց լեզվին, ռուսական մշակույթին և գրականությանը: Դպրոցականները հետաքրքրությամբ մասնակցեցին վիկտորինային, իսկ ամենաակտիվ մասնակիցները ստացան հավաստագրեր և գրքեր:
Դ. Գազարովան դասից հետո դպրոցի տնօրեն Անահիտ Ավետիսյանի և ուսուցիչների հետ տեղի ունեցած հանդիպմանը, մատնանշելով ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում ուսանող երիտասարդներին, շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին արհեստավարժ աշխատանքի շնորհիվ գրագետ և պատրաստված շրջանավարտներ տալու համար:
Հանդիպման շրջանակում քննարկվեցին հետագա փոխայցելությունների, կազմակերպվելիք բաց դասերի, շարունակական համագործակցության հարցերը:



